Մհեր Գրիգորյանն ու Լին Թրեյսիին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը

 ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 15,  24News  

․

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը:

Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանը:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար` շեշտելով նաև կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված օժանդակությունը:

Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կառավարության կողմից հաստատված Արցախի աջակցության ծրագրերը, դրանց բովանդակությունն ու ընթացքը:

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին փոխվարչապետին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակել ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Այս շրջանակներում երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի կողմից ներկայացվել են կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը:

Զրուցակիցները անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ընդգծելով ռազմավարական երկխոսության հարթակի կարևորությունը:

--00--ԱՀ