Հրճվանքի էլեմենտներ եմ նկատում, որ ադրբեջանցիների հետ գնալ-գալ կլինի. Դեմոյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 15,  24News

Դեմոյան

Համակեցությունը վատ բառ չէ, այն ունի դրական իմաստ, հանրագումարի մեջ այն խաղաղ համակեցություն է նշանակում, ագրեսիվ չի կարող լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց պատմաբան Հայկ Դեմոյանը: 

«Թուրքիան վատ հարևան է, պատմական խնդիրներ կան, Ցեղասպանության հիշողության, մենք փորձել ենք հարաբերությունները կարգավորել, բայց եղել են նախապայմաններ, հիմա կարծես դրանք դուրս են եկել, Թուրքիայից հայտարարություններ ենք լսում: Հասարակության մեջ և ինտելեկտուալ որոշ շրջանակներում հրճվանքի էլեմենտներ ենք նկատում, որ շուտով ապաշրջափակում կլինի, ադրբեջանցիների հետ գնալ-գալ, գրանտներ կլինեն, թուրքական կողմից հետ»,- ասաց նա:

Դեմոյանը նշեց` սա այն նույն շրջանակն է, որը նախապատերազմական շրջանում համատեղ դրամաշնորհների ծրագրեր էր իրականացնում, որոնք բավական լուրջ ներդրում էին ընտանեկան և անձնական բյուջեներում:

«Հիմա, ինչպես ասում են, բացվում են լայն հնարավորություններ, լոբբիստներ կան, եկեք հասկանանք՝ ինչ տեղի ունեցավ 2020թ․-ին`Ծիծեռնակաբերդի շուրջ, երբ Ցեղասպանության թանգարանում «խցկված» տնօրենը հանեց «պահանջում եմ» բառն արդեն իսկ հաստատված կարգախոսից, փորձեց հիմնավորել իր թեզերը, կարծես իրեն էր վերապահված, որ երիտասարդությանը չընկճի ցեղասպանության դաժան տեսարաններով, այնպիսի հայտնագործություն էր անում, կարծես մենք չգիտեինք, որ ինքնապաշտպանություն է եղել նաև»,- նշեց պատմաբանը:

Դեմոյանը նկատեց` թե՛ այդ անձի, թե՛ ԿԳՄՍ նախարարության հետագա գործողությունները բերում են համոզման, որ գոյություն ունի մեկ կետից ուղղորդվող ձեռագիր, որով արհեստական ճանապարհով պարտադրվում է այդ համակեցությունը, իսկ դա կբերի լուրջ խնդիրների:

--00--ԱԹ