Վանդալիզմ՝ Սիրահարների այգում. գողացել են Գևորգ Էմինի հուշարձանի սիամական կատվի արձանիկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

1

Երևանի Սիրահարների այգուց երեկ՝ հունվարի 14-ին, անհայտ անձը կամ անձինք գողացել են հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը։ Գրում է shamshyan.com-ը:

Ոստիկանության Արաբկիրի բաժի պետ Արմեն Վաթյանի կարգադրությամբ Սիրահարների այգի են ժամանել Արաբկիրի ոստիկանության ծառայողները, որոնք արձանագրել են գողության փաստը, ինչի փաստով հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Հուշարձանը կառուցված է բրոնզից։ Պատկերում է բանաստեղծ Գևորգ Էմինին, որը դուրս է եկել գետից՝ տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին՝ խնձոր, և զրուցում է իր կատվի հետ։

Քանդակի հեղինակը մոսկվաբնակ Աշոտ Արամյանն է, որն անվանի բանաստեղծին՝ Գևորգ Էմինին, մանկուց է ծանոթ։ Արձանը կերտելիս նա ցանկացել է ընդգծել Էմինի մարդկայնությունն ու պարզությունը. «Պաթոսային ոչ մի բան նրա մեջ չկար, միայն մարդամոտություն, մարդասիրություն, մեծ սեր։ Կատուն էլ իրական պերսոնաժ է. Գևորգ Էմինը ունիկալ սիամական կատու ուներ, որ արևածաղկի սերմ էր կեղևազրկում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել»։

--00—ԼՄ