ԿԳՄՍ փոխնախարարներն ու ստորաբաժանումների ղեկավարները նախարարին ներկայացրել են ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News

․

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Վահրամ Դումանյանը:

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարները:

Մինչ խորհրդակցության մեկնարկը Վահրամ Դումանյանը  ներկայացրել և հաջողություն է մաղթել նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Գիլոյանին, որը համակարգելու է սպորտի ոլորտը:

Վահրամ Դումանյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը, հանդիսանալով ամենալայն գործառույթներ ունեցող կառույցներից մեկը, արդյունավետ կառավարման կարիք ունի, ինչի համար անհրաժեշտ է համակարգային և հավասարակշռված մոտեցումներ ցուցաբերել: Նախարարը հանձնարարել է ժամանակին և պատշաճ իրականացնել բոլոր գործառույթները, դրսևորել նախաձեռնողականություն և հանդես գալ համապատասխան նորարարական առաջարկություններով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ու ստորաբաժանումների ղեկավարներն իրենց հերթին ներկայացրել են հրատապ խնդիրները և հայեցակարգային ծրագրերը՝ առաջարկելով դրանց լուծման տարբերակներ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների գործունեությանը, 2021 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի իրականացմանը, գնումների գործընթացին և այլն:

--00--ԱՀ