ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն հայտարարություն է տարածել՝ հորդորելով պահպանել համաճարակային անվտանգության կանոնները:
«Հարգելի հայրենակիցներ, 2020 թ. սեպտեմբերից Արցախին պատուհասած արհավիրքը, իր բոլոր հետևանքներով հանդերձ, որոշակիորեն նպաստեց նաև հակահամաճարակային կանոնների պահպանության հարցում քաղաքացիների զգոնության թուլացմանը:
Պատերազմին զուգահեռ Արցախը փորձում էր դիմակայել նաև համընդհանուր չարիք դարձած COVID-19 կորոնավիրուսին, որի ընթացքում հասկանալի պատճառներով վիրուսի տարածման կանխարգելումը քիչ արդյունավետություն և վերահսկելիություն ուներ, այդ պատճառով բացառված չէ, որ կային մի շարք վարակակիրներ, ովքեր հաղթահարել են հիվանդությունը առանց բժշկական միջամտության, սակայն նրանցից տարածվող վտանգը շարունակվում է պահպանվել:
Թեև Արցախում ստեղծված իրադրությունն ու հանրության հոգեբանական վիճակը հաճախ երկրորդ պլան է մղում սեփական առղջությունը պահպանելու իրավունքի և այլոց առողջության համար վտանգ ստեղծելուց զերծ մնալու պարտականության պատշաճ կատարումը, այդուհանդերձ խնդրում և հորդորում ենք ցուցաբերել բարձր պատասխանատվություն, պահպանել օրինապաշտ ու պայքարող արցախցու անքննելի կերպարը և միահամուռ ուժերով լծվել մեր ծնողների, տատիկների ու պապիկների, խոցելի խմբում գտնվող մեր համերկրացիների կյանքին ու առողջությանը իրական վտանգ ներկայացնող այդ չարիքի դեմ պայքարին:
Այս գերագույն նպատակին հասնելու համար վարակակիր լինելու նախանշանների առկայության դեպքում ընդամենը անհրաժեշտ է հետևել ստորև բերված պարզագույն կանոններին.
✅Մնացե՛ք տանը
✅Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից
✅Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը
✅Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է
✅Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս
✅Հաճախակի լվացե՛ք ձեռքերը
Առանձնացրե՛ք տնային պարագաները
✅Հյուրեր մի՛ ընդունեք
✅Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան
✅Հերմետիկ փակեք աղբամանը
✅Հետևեք ախտանշանների զարգացմանը (ջերմություն, հազ, շնչառության դժվարացում, հարբուխ, կոկորդի ցավ):
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում և հորդորում ենք հետևել ինքնամեկուսացման խորհուրդներին, չվտանգել Ձեր և Ձեր մտերիմների առողջությունը»:
--00—ԼՄ