«Գիտնական» հասկացությունը պետք է ենթարկել դինամիկ վերլուծության. Արթուր Ղամբարյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 14,  24News  

Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ԲԴԽ անդամության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությանը, թե ինքը պաշտոն չի ստանձնում, այլ մասնագիտական աշխատանքի է գնում՝ որպես իրավաբան-գիտնական:

«ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ ԲԴԽ անդամ կարող է լինել իրավաբան գիտնականը: Ո՞վ է համարվում իրավաբան գիտնական. նա ով, օրինակ՝ 30 տարի առաջ թեկնածուական է պաշտպանել, սակայն դրանից հետո որևէ գիտական գործունեություն չի իրականացրել, թե այն մարդը, ով անկախ գիտական աստիճանի առկայությունից, իրականացնում է ակտիվ գիտական գործությունեություն: Կարծում եմ՝ «գիտնական» հասկացությունը պետք է ենթարկել դինամիկ վերլուծության, այսինքն՝ գիտնական համարել այն անձին, ով անկախ գիտական աստիճանի առկայությունից, իրականացնում է գիտական գործունեություն:

Ասվածը հիմնավորվում է նաև գործող օրենքներով: Այսպես՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ գիտնական է համարվում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնՈՂ սուբյեկտը, որն զգալի ներդրում ունի գիտության մեջ: Նույն հոդվածը սահմանում է, որ գիտական գործունեությունը դա ձեռք բերած գիտելիքների ԸՆԴԼԱՅՆՄԱՆ և ՆՈՐ գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեություն է:

Այսպիսով՝ ԱԺ-ն, իրավաբան գիտնականին որպես ԲԴԽ անդամ ընտրելիս, պետք է ստուգի, թե գիտական աստիճան ունեցող (կամ չունեցող) անձն արդյոք իրականացնում է գիտական գործունեություն, այսինքն՝ նա իր գիտելիքների ընդլայնման և նոր գիտելիքների ստացման և կիրառման ուղղությամբ ի՞նչ մտավոր գործունեություն է ծավալում, այդ գործունեության արդյունքները որտեղ են հրապարակվել և այլն»,- գրել է նա։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս