Դանակահարություն Ծաղկաձորի սրճարաններից մեկում․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 14,  24News  

Հունվարի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ: Նրան դանակահարել էին: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց պարզվեց ոչ միայն կասկածյալի ինքնությունը, այլև քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ հունվարի 9-ին, կեսգիշերն անց, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների փողոցի բար-սրճարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Ծաղկաձոր քաղաքի 33-ամյա մի բնակիչ:

Նույն օրը Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկում կասկածվողը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց բաժին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք:

Դանակը հայտնաբերվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

--00--ԱԹ