ՇՄԱԳ ինստիտուտի կայացումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 14,  24News  

նախարար

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն այցելել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագծի, ՇՄԱԳ ինստիտուտի կարգավիճակի և գործունեության հետագա ընթացքի վերաբերյալ հանդիպում-քննարկում անցկացրեց։ ՇՄԱԳ ինստիտուտի կայացումը շրջակա միջավայրի նախարարության թոփ երեք առաջնային ու կարևորագույն խնդիրներից է, որոնց պետք է 2021 թվականի ընթացքում լուծում տալ։

Օրենքի փոփոխության նախագծից ակնկալվում են նախևառաջ նոր որակի ՇՄԱԳ ինստիտուտի կայացում և ՇՄԱԳ-ի մասին հանրային ընկալումների փոփոխություն։

«Մենք պետք է ՇՄԱԳ փորձաքննության ողջ գործընթացը և ընթացակարգերը փոխենք։ Այն, ինչ այսօր կա, չի բավարարում արդի տնտեսվարողների, իրական բնապահպանությամբ մտահոգ շրջանակների պահանջները,- նշել է նախարարը և հույս հայտնել, որ նաև հանդիպմանը ներկա փորձագետներին չի բավարարում իրենց տված եզրակացությունների որակական հիմնավորման բովանդակային մասը,- սա պետության խնդիրն է, որին պետք է շատ մոտ ապագայում լուծում տալ»։

Եթե նախկին կառավարման շրջանակներում գործել են այլ խաղի կանոններ, և եղել են արտաբյուջետային ու ստվերային գործարքներ, այսօր նման երևույթները տեղ չունեն մեր իրականության մեջ։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ֆինանսական հոսքերի մեխանիզմներով ու հզոր կարողություններով օժտված։

Օրենքի փոփոխության նախագծով նախատեսվում է՝

ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից.

հնարավորություն ընձեռել միջազգային փորձագետ կամ փորձագետների խումբ ներգրավել գործընթացին.

ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը.

օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական չափորոշիչներին.

հստակեցնել փորձագետների աշխատանքային կարգավիճակը և այլն:

Օրենքի փոփոխության նախագծի աշխատանքային խումբն առաջիկայում ընթացիկ հանդիպումներ և քննարկումներ կանցկացնի բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների և փորձագետների ավելի լայն խմբի հետ։

ՊՈԱԿ-ի աշխատակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումները, հուզող հարցերը, աշխատանքի ընթացքում հանդիպած իրավիճակային դրվագները և ընթացակարգային բացերը։

Նախարարը խնդրեց գործընկերներին հստակ ձևակերպել խնդիրները, գույքագրել, ըստ առաջնահերթության տեսակավորել՝ օրենքի փոփոխության նախագծի աշխատանքային խմբի հետ դրանք քննարկելու նպատակով։ Աշխատանքային խմբում ներգրավվելու են տեղական և միջազգային փորձագետներ, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բնապահպաններ։ Արդյունքում պետք է ստացվի համապարփակ պրոդուկտ, կարգավիճակ ունեցող ինստիտուտ, որի փորձագետի եզրակացությունը կդառնա պետության կողմից կնիք՝ բարձր հեղինակություն ունեցող և անբեկանելի։

--00--ԱԹ