Հետաքրքիր կլինի հետևել Մխիթարյանի առաջին դերբիին․ «Ռոմա»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News

սպորտ

«Ռոմայի» մամուլի ծառայությունը «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 18-րդ տուրում կայանալիք դերբիին նվիրված անոնսում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Իհարկե, կարող էինք խոսել «Ռոմայի» լավագույն ռմբարկու Էդին Ջեկոյի մասին, սակայն այս տարի Մխիթարյանը պարզապես փայլում է, և հետաքրքիր կլինի հետևել նրա առաջին դերբիին (նախորդ տարի նա վնասվածքի պատճառով բաց էր թողել դերբին):

Նա տեխնիկապես լավ պատրաստված կիսապաշտպան է, գործում է ամբողջ խաղադաշտում ու թիմային մեծ աշխատանք կատարում գնդակով ու առանց գնդակի, ինչը նրան դարձնում է երկրպագուների ֆավորիտը: Հայ ֆուտբոլիստը «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ Եվրոպայի թոփ-5 առաջնություններում 8-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձած 2 խաղացողներից մեկն է: 

Նրա հարվածները գրեթե միշտ դիպուկ են ստացվում: Դրիբլինգի տպավորիչ արագության շնորհիվ նա ստեղծել է 22 գոլային պահ, ինչպես նաև 46 հարված գրանցել իր անվան դիմաց»,- Մխիթարյանի մասին գրում է «Ռոմայի» կայքը:

Հռոմի դերբին տեղի կունենա հունվարի 15-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանն A Սերիայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողն է այս մրցաշրջանում, ինչպես նաև «Ռոմայի» լավագույն ռմբարկուն է:

--0--ԿԿ