ՀՅԴ երիտասարդները «անակնկալ են մատուցել» Շուռնուխը ադրբեջանական գյուղ համարող դասախոսին

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 11,  24News

թրքասեր

ՀՅԴ երիտասարդները «անակնկալ են մատուցել» Շուռնուխը ադրբեջանական գյուղ համարող դասախոսին.

«Արժանին ենք մատուցում ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ, թրքասեր Սեյրան Գրիգորյանին»,-նշված է կից գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ԵՊՀ դասախոս Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերում էր արել՝ նշելով․ 

«ՇՈՒՌՆՈՒԽ ԳՅՈՒՂԻ ԳՐԱՎՈՒՄԸ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ 1920 Թ․ ՀՈՒՆՎԱՐԻՆ
«Գորիս հասնելուցս մի քանի շաբաթ հետո Դրոն կանչեց ինձ իր մոտ ու ասաց, որ Զանգեզուրի Ազգային խորհրդի համաձայնությամբ կայացված որոշումով 1920-ի հունվարի սկզբներին պետք է հարձակում լինի թրքական Շուռնուխի-Էյվազլար շրջանի վրա՝ այդ շրջանի 28-ի չափ գյուղերին պարտադրելու համար, որ ընդունեն Զանգեզուրի հայկական իշխանությունը ու զինաթափ լինեն, քանի որ նրանց շրջանը մտնում է հայկական Զանգեզուրի սահմանների մեջ։ Այլապես ամբողջ բնակչությունը պետք է հարկադրվի թողնել այդ շրջանը և հեռանալ դեպի թրքական շրջանները։

Պետք է նկատել, որ Շուռնուխի շրջանը հայկական սահմաններից ներս գտնվելով, սեպի նման խրված էր Ղափանի ու բուն Զանգեզուրի միջև և ամեն անգամ էլ այնտեղ բույն դրած ադրբեջանական գործակալները կռիվ ու թալան էին կազմակերպում հարևան հայ գյուղերի դեմ։

Հավանեցի Դրոյի ծրագիրը ու պատրաստակամությունս հայտնեցի մասնակցելու արշավանքին, որ ճակատում էլ լինի։

Հենց այդտեղ էլ նա որոշեց ինձ հանձնել ռազմական գործողության դաշտի ամենից պատասխանատու ու դժվարին ճակատը՝ Շուռնուխի կենտրոնական գյուղի վրա քայլող Տանձավերի հովիտից առաջացող ճակատը, որ գալիս էր Ուզուն-Մեշա անտառի միջով ու ելնում էր անառիկ դիրքեր ունեցող մոտ 10 գյուղերի դեմ։

․․․Այստեղից մեր թափը կրկնապատկած՝ խփեցինք ուղիղ Շուռնուխի վրա։ Թրքական այդ կենտրոնական գյուղը իր բազմաթիվ կռվողներով ու անառիկ դիրքերով հազիվ կարողացավ մեկ ժամ դիմանալ։ Առավ ու փախավ՝ հետը քաշ տալով շուրջն ընկած բոլոր գյուղերը։ Միայն Մազրա գյուղի դաշտում կանգ առին ու փորձեցին անտառի մանվածապատ կածաններում շփոթել մերոնց շարքերը։ Բայց իմ կողքովը քայլող հերոս Երիցաթումբցիք կրակ կտրեցին և անմիջապես զույգերի բաժանվելով՝ իրարից անկախ խրվեցինք թշնամու շարքերը։
Թուրքերը, ինչ ասել կուզի, այդ թափին դիմանալ չկարողացան. իրենց գլուխն առած՝ իջան դեպի Դոնգարլուի դաշտը՝ մտքում շնորհակալ լինելով անտառի ծառ ու ժայռերի շնորհած պաշտպանությանը։

Կեսօր չեղած, մաքրեցինք իմ զորամասին հանձնված ճակատի վրա ընկած Տանձավեր, Մաճ, Նավլու, Քոմիրլու, Շուռնուխ, Մազրա գյուղերը՝ իրենց մոտիկ 3 ուրիշ գյուղերով և Մարքազ բարձունքը։

Մազրայի գրավումով մենք լուծեցինք մեզ հանձնած ռազմական խնդիրը և շրջան կազմելով Էյվազլարի շրջանում՝ կախվեցինք Որոտանի գլխին, ուր հանդիպեցի Գորիսից առաջացող մեր ուժերին։ Դրոն դեռ հեռվից ողջունեց մեզ և մոտենալով՝ մենք գրկախառնվեցինք»։   

Յապոն (Հովհաննես Պարոնյան), Հուշեր
«Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1941 թ․,  թիվ 8»։

--00—ՄՀ