Տունը կորցրած շուռնուխցիների համար գյուղի վերևի հատվածում նոր տներ կկառուցվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում իրավիճակը նույնն է, թուրքերն իրենց տեղում են՝ մայրուղուց 150-200 մետր հեռավորության վրա: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը:

Հիշեցնենք, որ համայնքի 12 տներ հունվարի 5-ից անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի հետևանքով անտուն է դարձել շուրջ 40 բնակիչ:

Համայնքապետ Արշակյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ տունը կորցրած շուռնուխցիների համար գյուղի վերևի հատվածում, ասում են, նոր տներ կկառուցվեն:

«Շուռնուխցիների առօրյան նախկինը չէ: Մենք ամեն բան անում ենք, որ հնարավորինս քիչ անհանգստանան, բայց դե անհանգստություն, ամեն դեպքում, կա»,-հավելեց Արշակյանը:

--0--ԿԿ