«Խոսնակը շտապել է». կարանտինի մասին նախագիծը չի քննարկվել էկոնոմիկայի նախարարության հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

նկար

Հանրային Հեռուստաընկերությանը եթերում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ էկոնոմիկայի նախարարությունը դեմ է կարանտինը 6 ամսով երկարաձգելու՝ առողջապահության նախարարության ներկայացրած նախագծին։

«Առողջապահության նախարարության խոսնակը մի քիչ շտապել է, որովհետև այդ որոշումը չի քննարկվել էկոնոմիկայի նախարարության հետ։ Դա առաջարկ է, որը կքննարկենք և միայն շատ ծանրակշիռ փաստարկների դեպքում առաջարկի որոշ կետերի հետ կհամաձայնենք։ Բայց այն, որ տնտեսությանը հիմա ամենաշատն է անհրաժեշտ թթվածին, դա միանշանակ է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսությունը հնարավորինս բաց աշխատի», - ասել է նախարարը։ 

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարարել էր, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով կարանտինը կերկարաձգվի ևս 6 ամսով: Ըստ խոսնակի՝ նախագիծը տարեվերջին ուղարկվել է կառավարություն, նախատեսվում է, որ գործադիրն այն կհաստատի հունվարի 8-ին։

--00—ԼՄ