ԼՂ հարցով ռուսական առաջարկներն, ըստ էության, համանախագահներինն են. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 4,  24News

Նիկոլ

Հանրության հիմնական մասի համար հարցերի հարցը թերեւս հետևյալն է. ինչու՞ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը և ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել դրանից: Այս մասին իր հոդվածում նշում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս հարցի ամենաուղիղ պատասխանը կարելի է ձևակերպել այսպես. պահը, երբ ԼՂ հարցում որևէ իրադարձություն պետք է տեղի ունենար, հասունացել էր: Ի՞նչ հիմք կա նման պնդում անելու համար:

Վերջին տասը տարվա ընթացքում մի քանի առանցքային հանգրվաններ են եղել ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում: Առաջինը կազանյան գործընթացն էր, որով ենթադրվում էր, որ տարածքները 5+2 բանաձևով պետք է հանձնվեն Ադրբեջանին, Արցախը պիտի ստանար միջանկյալ կարգավիճակ, իսկ վերջնական կարգավիճակը պիտի ստանար փախստականների վերադարձից հետո տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով:

Բայց տեղի ունեցավ անկանխատեսելին (՞) 2011 թվականի հունիսի 24-ին Իլհամ Ալիեւը հրաժարվեց ստորագրել կազանյան փաստաթուղթը, հարուցելով Սերժ Սարգսյանի տարակուսանքը, ով 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում կազանյան փաստաթղթի ճակատագրի մասին խոսելով հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ էր Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, բայց Ադրբեջանը ուզում է ավելին:

Ավելի՞ն: 2011-ին Հայաստանը պատրաստ էր հանձնել 7 շրջանները, իսկ Ադրբեջանը ուզում է ավելի՞ն: Իսկ ի՞նչը կարող է լինել ավելին: Կազանյան փաստաթղթի չստորագրումով Իլհամ Ալիևը տվել է այդ հարցի պատասխանը. նախևառաջ Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի կարգավիճակի բացառումը: Սա դեռ 2011 թվականին: Դրանից հետո Ադրբեջանի ախորժակը ավելի է բացվել և սրա վկայությունն է դառնում այն, որ 2013 թվականից իրավիճակը շփման գծի երկայնքով եւ հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ կերպով սրվում է:

Սահմանային լարումը մեծանում է 2014, 2015 թվականների ընթացքում, և սա տեղի է ունենում աշխարհաքաղաքական «բարենպաստ» պայմաններում:

Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները սրվում են, Ռուսաստանը հայտնվում է պատժամիջոցների ներքո: Եւ եթե մինչ այդ Ռուսաստանի համար առաջնային թեժ կետը Հարավային Կովկասն էր, 2015 թվականի դրությամբ ավելանում են Ղրիմը, Դոնբասը, Սիրիան: Բոլոր այս տեղերում Ռուսաստանի պատասխանատվությունը աճում է, և որքան էլ գերտերություն, ՌԴ կարողություններն անսահմանափակ չեն:

Ադրբեջանն օգտվում է ստեղծված հնարավորությունից և ավելի բարձր հայտարարում Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունների մասին: Այս պայմաններում Ռուսաստանը կանգնում է բավականին դժվար կացության առաջ, հասկանալով, որ Հարավային Կովկասը կայուն պահելու նախկին գործիքակազմը վերանայման կարիք ունի:

2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձեւակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձեւով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որեւէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը:

Այս առաջարկները հայկական կողմին ներկայացվում են 2016 թվականի հունվարին: Հայկական կողմը մերժում է այն, 2016 թվականի ապրիլին տեղի է ունենում ապրիլյան քառօրյա պատերազմը: Այս իրադարձությունից ամիսներ անց Սերժ Սարգսյանը հրապարակային խոսում է 80-ականների զենքերի մասին, իսկ մեկուկես տարի անց հրապարակային խոստովանում, որ Հայաստանը դեռ 2011 թվականին պատրաստ էր թողնել 7 տարածքները, բայց Ադրբեջանն ուզում է ավելին:

Ֆորմալ առումով 2016 թվականից հետո էլ բանակցային գործընթացը շարունակում է տեղի ունենալ Մադրիդյան սկզբունքների կամ դրանց կոնֆիգուրացիայի հիման վրա, բայց ռուսական առաջարկները կան, գոյություն ունեն եւ նրանց ներկայությունը զգացվում է ամենուր, առնվազն այն տրամաբանությամբ, որ 7 տարածքների հանձնումը 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացի հիմնական, եթե ոչ միակ թեման է:

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար: Բոլոր համանախագահները համակերպվել են այս մտքի հետ և ռուսական առաջարկները ըստ էության համանախագահության առաջարկներն են: Կրակին յուղ է լցնում նաեւ Թուրքիան, ում ձեռքերը ազատվել են եւ նույնիսկ ավելի են երկարել ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո, և նա տարածաշրջանի կայունության միակ նախապայմանը համարում է 7 շրջանների հանձնումը:

Ադրբեջանն իր հերթին շարունակում է հայտարարել, որ ԼՂ որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս քննարկելի չէ եւ ռուսական առաջարկների ի հայտ գալուց հետո ավելի է սրում դիրքորոշումը՝ ԼՂ որեւէ կարգավիճակ այս փուլում քննարկելի չէ: Թող այդ հարցին անդրադառնան հաջորդ սերունդները: Այս իրավիճակում ենք ըստ էության ժառանգել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը»,- գրել է նա:

--00--ԱԹ