Նոր տարվա հետ պիտի կապենք հայրենիքի պաշտպանության ու կառուցման նոր ձեռնարկներ․Գ․ Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

․

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հրավիրված տարեվերջյան խորհրդակցության ընթացքում Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել է մարզպետարանի աշխատակիցներին՝ մաղթելով առողջություն, հաջողությամբ ու ձեռքբերումներով լի աշխատանքային տարի։

«Մենք շատ բարդ ու դժվարին աշխատանքային տարի անցկացրեցինք՝ կապված նախ համավարակի սպառնալիքի, ապա նաև մեզ պարտադրված ծանր պատերազմի հետ։ Այդուհանդերձ, ծրագրված ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ կարողացանք հաղթահարել շատ դժվարություններ։

Ինչպես 2019, այնպես էլ 2020 թվականների ընթացքում մեր մարզն առաջինը ճանաչվեց Հանրապետությունում սուբվենցիոն ծրագրերի իրականացման քանակով։ Բավական է նշել, որ այս տարվա ընթացքում իրականացվել է 5 միլիարդ 308 միլիոն դրամի սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության ծրագրեր։ 6,7 միլիարդ դրամ էլ ներդրվել է ճանապարհաշինության ոլորտում։ Չի հաջողվել կյանքի կոչել ընդամենը սուբվենցիոն 6 ծրագիր, ինչին խանգարել է պատերազմը։ Կարծում եմ, որ եկող տարվա ընթացքում կկարողանանք շտկել այդ բացը։

Մարզպետարանի աշխատակազմը լարված աշխատանք կատարեց ինչպես համավարակի դեմ պայքարի, այնպես էլ պատերազմի ընթացքում առաջնագծին օժանդակություն ցուցաբերելու հետ կապված խնդիրներում, որի համար շնորհակալություն եմ հայտնում և, միաժամանակ, հույս հայտնում, որ այդ ձեռքբերումները համատեղ ուժերով կշարունակենք ու կզարգացնենք 2021 թվականի ընթացքում։

Համավարակի և պատերազմի թողած ծանր հետեւանքները հաղթահարելու համար մեզանից պահանջվում է չափազանց լարված ու համակարգված աշխատանք։ Որքան էլ անցած տարվանից բաժանվում ենք տխուր ու ծանր տպավորություններով, միևնույն է, նոր տարվա հետ պիտի կապենք նոր հույսեր ու սպասելիքներ, հայրենիքի պաշտպանության ու կառուցման նոր ձեռնարկներ։

Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում քաջ առողջություն, ընտանեկան ու անձնական երջանկություն, նպատակների իրականացում»,-ամփոփել է մարզպետ Գնել Սանոսյանը։

--00--ԱՀ