Արցախում ևս վեց ընտանիք կացարանով ապահովվեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ԱՀ

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թվով ևս 6 ընտանիքի, ում նկատմամբ մենք նախկինում պարտավորություն ենք ստանձնել բնակարանային ապահովում իրականացնելու, կարողացանք կացարանով ապահովել այս տարի, չնայած ծանրագույն վիճակին, որում հայտնվել է Արցախը՝ էլ ավելի սրված կացարանային խնդիրներով։

Նախարարությունը ջանք չի խնայում անհատական մոտեցում ցուցաբերելու և քաղաքացիներին առաջարկներ անելու՝ ըստ իրենց հատուկ կարիքների։

Հարգելի արցախցիներ, գիտենք, որ առկա է կացարանային լուրջ խնդիր։ Հավատացնում եմ, որ համագործակցելով տարբեր գերատեսչությունների հետ, փորձելու ենք առավելագույնն անել հնարավորինս սեղմ ժամկետներում գտնել կացարանային խնդիրների արդյունավետ լուծում՝ ըստ առաջնահերթությունների և կարիքի։

Մինչ այդ շարունակում ենք ժամանակավոր լուծումներ առաջարկել՝ վարձակալական վճարների փոխհատուցման միջոցով։ Սակայն խնդիրը մեր ամենօրյա ուշադրության և աշխատանքի տիրույթում է։

Հայցում եմ ձեր համագործակցությունն ու համբերատարությունը»։

--00--ԱԹ