Փորձ է արվում ՀԱՊԿ քարտուղարի գրությունը ներկայացնել իբրև գաղտնի նամակ. ՀՀ ԱԽ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ՀՀ ԱԽ

ՀՀ անվտանգության խորհուրդը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նամակի մասին շրջանառվող տեղեկություններին.

«Սույն թվականի դեկտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանի փեսա, ինչպես նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից ս.թ. սեպտեմբերի 1-ին ուղղված իբր «գաղտնի» գրության պատճենը: Չմանրամասնելով Մ. Մինասյանի կողմից այդ գրության հետքերով արված անհեթեթ և իրականությունից կտրված մեկնաբանությունները, որոնք նպատակ են հետապնդում ապակողմնորոշելու հայ հանրությանը՝ հերթական վարժանքների պլանը ներկայացնելով իբրև սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմական գործողությունների նախազգուշացում, հարկ ենք համարում հայտնել հետևյալը.

Ցավալի է, որ տարբերություն չի դրվում «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նշագրերի միջև: Հարկ է նշել, որ եթե փաստաթուղթը ծառայողական օգտագործման համար է, ապա դրա բովանդակությունը գաղտնի չէ, ուղղակի նախատեսված է բուն նշանակությամբ օգտագործման, այլ ոչ թե հրապարակման համար, մինչդեռ փորձ է արվում այդ գրությունը ներկայացնել իբրև գաղտնի նամակ, որը թաքցվել է հայ հանրությունից:

Անդրադառնալով նշյալ գրության բովանդակությանը՝ նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Զասի գրությունը վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող հերթական շտաբային վարժանքների կազմակերպման և անցկացման հարցերին: Հատկանշական է, որ նման շտաբային վարժանքները և զորավարժությունները կրում են մշտական բնույթ և նախատեսվում են ՀԱՊԿ ամենամյա պլաններով: Հարկ է նաև նշել, որ հրապարակված գրությունում նշված նույնաբովանդակ զորավարժություններ են տեղի ունեցել նաև նախկինում, որտեղ մտահղացումները կազմվել են նույն սցենարով: Բացի դրանից պրն. Մինասյանը սուտ պնդումներ է անում, թե իբր նամակով ՀԱՊԿ-ին դիմելու առաջարկ է եղել։

Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից նշյալ գրության հիման վրա իրականացվել են համապատասխան աշխատանքներ՝ շտաբային վարժանքին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: Հարկ է հավելել, որ ըստ կարգի՝ ԱԽ գրասենյակը Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությանը ներգրավել է վերոնշյալ թեմայով շտաբային վարժանքներում, որը կայացել է հեռավար եղանակով՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Շտաբային վարժանքի արդյունքներով ՀԱՊԿ պաշտոնական կայքում տեղադրվել է միջոցառման մասին պատմող նյութ, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով»:

--00--ԱԹ