Ինչպես է արձագանքել ընդդիմությունը Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների առաջարկին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալու պատրաստակամության մասին հայտարարությանն ընդդիմադիր ուժերը գրեթե միանման են արձագանքում: 24News-ի հետ զրույցում թե՛ խորհրդարանական ԼՀԿ և ԲՀԿ ընդդիմադիր խմբակցության, թե՛ արտախորհրդարանական մի քանի ուժերի՝ «Ժառանգության», ՀՀԿ-ի, «Հայրենիքի» ներկայացուցիչներն անհամաձայնություն հայտնեցին՝ գործող իշխանությունը չէ, որ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնի:

Ի տարբերություն վերոնշյալ ուժերի՝ այս մասով «Քաղաքացու որոշում» կուսակցությունն առարկություններ չունի: Ավելին՝ ՔՈ-ի գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը համաձայն չէ նույնիսկ «իշխող ուժ» արտահայտության հետ: «Այժմ չեն իշխում,- ասում է,- Հիմա ոչ թե որևէ մեկի, այլ ժողովրդի իշխանություն է»: Սահակյանը հավելում է՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար պատրաստ են ցանկացած ուժի հետ երկխոսել, ու եթե արտահերթ ընտրությունները կարող են նպաստել այդ ճգնաժամի հանգուցալուծմանը, ապա իրենք պատրաստ են նաև «Քաղաքացիական պայմանագրի» հետ «կոնսուլտացիաների» մասնակցել:

Հայ ազգային կոնգրեսը վարչապետի հայտարարությունը դեռևս չի քննարկել: 24News-ին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը փոխանցեց՝ այս մասով երբ ասելիք ունենան, անպայման կներկայացնեն:

Խորհրդարանական ԼՀԿ-ում ու ԲՀԿ-ում նույնպես թեև քննարկում չեն ունեցել, բայց թե՛ Միքայել Մելքումյանը, թե՛ Գևորգ Գորգիսյանն ընդգծում են՝ Փաշինյանի հետ մեկ բան կարող են քննարկել՝ նրա հրաժարականի հարցը: Այս տեսակետին են նաև արտախորհրդարանական ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «Հայրենիքն» ու «Ժառանգությունը»:

«Այս տարբերակն անընդունելի է. կա մեկ ճանապարհ՝ հեռացնել դավաճանին, որից հետո հայ ժողովրդին կընձեռվի ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորություն». Հայ հեղփոխական դաշնակցության այս դիրքորոշումը կուսակցության գործադիր մարմնի ներկայցուցիչ Իշխան Սաղթելյանը Facebook-ի իր էջում է տեղադրել:

«Հողատու, 5 հազար զինվորի մահվան պատճառ դարձած մարդու հետ ի՞նչ խոսենք, ի՞նչ «կոնսուլտացիայի մասին է խոսքը»,- ասում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Փաշինյանի առաջարկի մասին մտածելն անգամ ու նրա հետ երկխոսության գնալը ժամավաճառություն է ընդամենը»,- հավելում է «Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանն էլ Փաշինյանի հայտարարությանը հռետորական հարցով է արձագանքում. «Ինչպե՞ս կարելի է ընտրության կազմակերպումը մի մարդու կամ թիմի վստահել, որ մեր աչքի առաջ տապալել է ամեն ինչ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ