Իրավական անհեթեթություններ երկնելու հարցում իշխող ուժը գերազանցել է ինքն իրեն. Գ․Մելոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

մելոյան

Իրավական անհեթեթություններ երկնելու հարցում իշխող ուժը հերթական անգամ գերազանցել է ինքն իրեն՝ նշելով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 47-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետն արգելում է այս պահին նման նախագիծ դնել շրջանառության մեջ, քանի որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նույնաբովանդակ նախագծի մերժումից դեռևս մեկ ամիս չի անցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Քիչ առաջ ծանոթացա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հրապարակմանն (հղումը՝ առաջին մեկնաբանության մեջ) այն մասին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրաժարվել է շրջանառության մեջ դնել ռազմական դրությունը վերացնելու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը:

Իրավական անհեթեթություններ երկնելու հարցում իշխող ուժը հերթական անգամ գերազանցել է ինքն իրեն՝ նշելով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 47-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետն արգելում է այս պահին նման նախագիծ դնել շրջանառության մեջ, քանի որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նույնաբովանդակ նախագծի մերժումից դեռևս մեկ ամիս չի անցել:

Կանոնակարգի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առկա է Ազգային ժողովի կողմից ռազմական դրության վերացման երկու ռեժիմ:

Առաջինն այն դեպքն է, երբ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը ռազմական դրության վերացման մասին Ազգային ժողովի նախագիծ ներկայացնում է հենց ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում (Կանոնակարգի 47-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետ):

Երկրորդն այն դեպքն է, երբ խմբակցությունը ռազմական դրությունը վերացնելու նախագիծ է ներկայացնում առաջին դեպքում մատնանշված հատուկ նիստի ավարտից հետո (օրինակ՝ մեկ շաբաթ կամ մեկ ամիս անց): Երկրորդ դեպքի ընթացակարգային հարցերը կարգավորված են Կանոնակարգի 106-րդ հոդվածով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագիծը ներկայացվել է երկրորդ ռեժիմով, քանի որ սեպտեմբերի 27-ի հատուկ նիստը վաղուց ավարտվել է: Այդ նախագիծը շրջանառության մեջ դնելը մերժելու համար Կանոնակարգի 47-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը մատնանշվել չի կարող, քանի որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նույնաբովանդակ նախագծի մերժումը տեղի է ունեցել երկրորդ, այլ ոչ թե առաջին ռեժիմով»:

--00--ԱՀ