Դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ կհայտարարվի ձմեռային զորակոչ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

c1d6cc504762404794bc4a8b3d90df8f.jpg

2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ կհայտարարվի Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչ, որոշումը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Զորակոչ կհայտարարվի նրանց համար, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի փետրվարի  14-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում կընդունի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման` դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2021 թվականի փետրվարի 8-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2021 թվականի հունվարի 7-ից մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ։

2020 թվականի ձմեռային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալները կուղարկվեն ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առաջարկվել է  շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

--00--ԱՀ