Զոհված արցախցիների ընտանիքները, տեղահանվածները կազատվեն նոտարական ծառայությունների վճարից

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

արցախ

Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների անդամներն ու մշտական բնակության վայրից տեղահանված անձինք՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կազատվեն նոտարական գործողությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմաց պետական տուրքի վճարումներ կատարելուց: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության պետ Լիանա Միրզոյանը՝ հավելելով, որ զոհվածների ընտանիքների անդամներին և իրենց բնակավայրերից տեղահանվածներին նոտարական վճարներից ազատելու վերաբերյալ որոշումը գործում է միայն Արցախի տարածքում:

«Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ զոհվածների ընտանիքների անդամները և մշտական բնակության վայրից տեղահանված անձինք կազատվեն՝ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, նոտարների կողմից վճարովի ծառայությունների համար սահմանված վճարումներ կատարելու պարտավորությունից: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, ուժը կորցրած է ճանաչվել իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների դիմաց վճարների գանձում նախատեսող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի որոշումը»,-նշել է Միրզոյանը:

 --00—ՄՀ