Պատերազմի վնասը ԼՂ-ի տնտեսությանը համեմատելի է ՀՆԱ-ի՝ մի քանի տարվա ծավալների հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար

ԼՂՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ նովոստի»-ին, որի շրջանակում նշել է, որ պատերազմի ընթացքում Արցախի տնտեսությանը հասցված վնասը համեմատելի է ՀՆԱ-ի՝ մի քանի տարիների ծավալների հետ:

«Հակառակորդի հասցրած վնասը հսկայական է: Այժմ աշխատանքներ են տարվում այն գումարային առումով գնահատելու ուղղությամբ, բայց արդեն կարող ենք ասել, որ այն համեմատելի է հանրապետության ՀՆԱ-ի՝ մի քանի տարիների ծավալների հետ»- ասել է Մարտիրոսյանը և հավելել, որ սա առաջին հերթին վերաբերում է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան:

Պետնախարարը նաև տեղեկացրել է, որ պատերազմից հետո չճանաչված հանրապետության բնակչությունը հայտնվել է հումանիտար ճգնաժամի շեմին: 

«Հաշվի առնելով այն փաստը, որ ռազմական գործողությունների հետևանքով տարածքների մեծ մասն անցել է թշնամուն կամ գրավվել, մեր տնտեսությունը զրկվել է գյուղատնտեսական նշանակության հողերի և էներգետիկ օբյեկտների մեծ մասից: Էլ չենք ասում այն, որ քաղաքացիների գույքի մեծ մասը՝ անշարժ գույք, անձնական և գյուղատնտեսական սարքավորումները, նույնպես ոչնչացվել կամ մնացել են մեր վերահսկողությունից դուրս», - ասել է Գրիգորի Մարտիրոսյանը:

--00—ԼՄ