Երևանում գույքահարկի արտոնություններ կլինեն գերեվարված ու անհետ կորած անձանց համար

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News  

․

Երևանի ավագանու որոշմամբ՝ գույքահարկի գծով արտոնություններ են սահմանվել սոցիալական մի շարք խմբերի համար: «Իմ քայլը» խմբակցության առաջարկով ցանկում ներառվել են նաև սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված ու անհայտ կորած անձինք, ովքեր մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին ու հակառակորդի հետ շփման գծում կատարել են մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ:

Վերջիններն ազատվելու են գույքահարկի գծով արտոնություն սահմանելու՝ օրվա դրությամբ առկա հարկային պարտավորություններից՝ Երևանում սեփականության իրավունքով պատկանող և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն բնակելի նշանակության շինությունների մասով, որտեղ հաշվառված են:

Արտոնություններ են սահմանվել նաև 2021 թ. տեղական որոշ վճարների համար: Ավագանու որոշմամբ՝ զոհված զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաները Երևանի արտադպրոցական դաստիարակության հաստատություններում (երաժշտական և արվեստի դպրոցներ և այլն) կսովորեն անվճար, իսկ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար վճարը կկազմի 4000 դրամ: Մյուս խմբերի համար ևս 2020 թ. կիրառված արտոնությունները կգործեն նաև 2021 թ.:

Մանկապարտեզներն անվճար կլինեն այն երեխաների համար, որոնց ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ նրանցից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևանում: Արտոնությունը տարածվում է նաև ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների, նրանց ընտանիքի անդամների, ԶՈՒ պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում ծառայողների, զոհված զինծառայողների, երկկողմանի ծնողազուրկ, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող ծնողների զավակների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Բացի այդ, արտոնություն կարող են ստանալ նաև տեղահանված անձի, փախստականի կամ ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ ունեցողների երեխաները:

Տեղաշարժվելու դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների համար ավտոկայանատեղի տեղական վճար չի գանձվի: Կայանման համար չեն վճարի նաև բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատերերը:

Երևանի ավագանին այսօր հավանություն է տվել նաև Երևանի զարգացման 2021 թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին:

--00--ԱՀ