Ադամանդագործության և ոսկեգործության նոր ուղղություն է առաջարկվում Իրանի շուկան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News   

տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը։  

Ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախարարին հանդիպման համար, շնորհավորել պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս ունենալով,  որ բիզնեսի խնդիրներին ծանոթ լինելու հանգամանքը կնպաստի դրանց արագ և արդյունավետ լուծմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի առաջնահերթ խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները և առաջիկա անելիքները։

Մասնավորապես՝ քննարկվել են ալմաստի հումքի ձեռք բերման, ոսկերչական իրերի արտահանման, մաքսատուրքերի, ավելացված արժեքի հարկի, Քիմբերլի գործընթացի հավաստագրերի հաշվառման և տրամադրման ժամկետների, լիցենզիաների և ծանուցումների տրամադրման և այլ հարցեր։ Քննարկման առարկա են եղել նաև մաքսային ձևակերպումների, փաստաթղթային ընթացակարգերի պարզեցման և  արագացման հարցերը, էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի տրամադրման հնարավորությունների զարգացումը։

Կարևորվել է Հայաստանում ադամանդագործական  ընկերությունների  և ոսկերչության ճյուղի ներկայացուցիչների փոխգործակցության հարցը, ոսկերչական արտադրանք պատրաստելիս հայկական արտադրության ադամանդների օգտագործման հնարավորությունը։ Քննարկվել է այնպիսի պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, որպեսզի ադամանդագործության և ոսկերչության ոլորտները կարողանան օգտագործել միմյանց ներուժը և արտադրանքը։

Հանդիպման մասնակիցներն անդադարձել են նաև ԵԱՏՄ-ում հարգադրոշմների փոխճանաչման գործընթացին, ադամանդագործության և ոսկեգործության ոլորտում իրականացվող ընթացակարգերի ներդաշնակեցմանը։

Ռուսաստանի Դաշնությունից ալմաստի հումքի ներկրման հարցում պետական աջակցության ցուցաբերման հնարավորությունների քննարկման ժամանակ ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ հումքի տրամադրման հարցում պետական մակարդակով ռուսական ԱլՌոսա ընկերության, Գոխրանի հետ  բանակցությունները կարող են լինել շատ արդյունավետ։  

Անդրադարձ է եղել նաև կորոնավիրուսի հետևանքով ոլորտում առաջացած խնդիրներին,  աշխատատեղերի հարցին։ Արծարծվել են հարցեր, կապված շուկաների ընդլայնման հետ․ որպես համագործակցության հեռանկարային նոր ուղղություն, նախարարն առաջարկել է դիտարկել Իրանի շուկան։

Հանդիպման ավարտին Վահան Քերոբյանը նշել է, որ նման քննարկումները լինելու են շարունակական (դրանք կանցկացվեն նաև ոլորտի ընկերություններ այցելությունների շրջանակում) և ավելացրել, որ պետք է համատեղ ուժերով փորձել հասկանալ եղած խնդիրները ու, դրանք կարգավորելով՝ առաջ գնալ։

  --00—ՄՀ