Եկեղեցու և քահանաների նկատմամբ նման հարձակումների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

հասարակական

Հայտնում եմ զորակցությունս Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու (Սիսավանի վանք) քահանա Պարգև քահանա Զեյնալյանին և դատապարտում եմ եկեղեցին փակելուն կամ քահանային վնասելուն ուղղված որևէ գործողություն (սպառնալիք): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Հիշեցնեմ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինական գործունեությանը կամ կրոնական ծեսերի կատարմանը խոչընդոտելը համարվում է հանցագործություն (ՀՀ քրեական օրենսգրքի 160-րդ հոդված): Ոստիկանությունը պարտավոր է արձագանքել այդ առերևույթ հանցագործության նախապատրաստությանը:

Ընդ որում, այս հանցագործության մասով հետաքննությունը և նախաքննությունն իրականացվում է հանրային մեղադրանքի կարգով, այսինքն պարտադիր չէ, որ տուժողը բողոք ներկայացնի:

Ի դեպ, Եկեղեցու և քահանաների նկատմամբ նման հարձակումների պատասխանատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որի օրոք արձանագրվեցին անհարգալից և սրբապիղծ դրսևորումները Եկեղեցու և հոգևորականների հանդեպ»,- գրել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Մտնելով եկեղեցի՝ Փաշինյանը մոտեցավ հոգևոր հովիվին, որպեսզի ձեռքը սեղմի, սակայն հոգևոր հովիվը հրաժարվեց և ձեռքի շարժումով դուրս հրավիրեց նրան։

--0--ԿԿ