Աշխարհի Գավաթ. Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

սպորտ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության առաջին մրցումային օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ, որոնցից միայն Արսեն Հարությունյանին (57 կգ) հաջողվեց նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր:

2019թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ռումինացի Ռազվան Կովաչի նկատմամբ: Կիսաեզրափակիչի ուղեգիրը Հարությունյանը վիճարկեց 2017թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 23-ամյա ուկրաինացի Անդրեյ Յաշչենկոյի հետ և հաղթեց լարված պայաքարում՝ 5:4:

Կիսաեզրափակիչում 21-ամյա հայ ըմբիշի մրցակիցը կլինի Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր (2018, 2020թթ.), 2019թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 24-ամյա սերբ Ստևան Անդրիա Միչիչը:

Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը (70 կգ) որակավորման փուլում 4:2 հաշվով հաղթեց մոլդովացի Վալենտին Բորզինին, իսկ 1/8 եզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց Լեհաստանը ներկայացնող Մոգոմեդմուրադ Գաջիևին:

Հրայր Ալիխանյանը (74 կգ) 2 հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում մրցեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, իտալացի Ֆրանկ Չամիսոյի հետ և պարտվեց 2:8 հաշվով:

2018թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Հովհաննես Մաղաքյանն (125 կգ) անհաջող մեկնարկեց քառորդ եզրափակիչից, որտեղ ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվեց 2018թ. Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, 2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի Մ-23 առաջնության բրոնզե մեդալակիր, Բելառուսի ներկայացուցիչ Դենիս Խրամենկովին:

--0--ԿԿ