Չկա տարբերություն Բայդենի և Թրամփի միջև. Թրամփը հրամայել է սպանել հորս, Բայդենն աջակցել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

դուստր
Tasnim News Agency-ն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ռազմական հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի դստեր՝ RT-ին տված հարցազրույցին:

Ըստ Ղասեմ Սոլեյմանիի դստեր՝ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումը դժվար թե բան փոխի պաշտոնական Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականության մեջ: Ավելին, Զեյնաբ Սոլեյմանին ասել է, որ ամերիկացիները չեն փոխվում, «ամեն մեկը մյուսից վատն է», և որ տասնամյակների ընթացքում չի փոխվել նաև  Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը:

«Չկա տարբերություն Բայդենի և Թրամփի միջև. նրանք նույն «տղաներն» են։ Դատելով նրանց վարած քաղաքականությունից՝ նրանց միջև ոչ մի տարբերություն չկա։ Թրամփը հրամայել է սպանել հորս, իսկ Բայդենն աջակցել է դրան. այնպես որ չկա տարբերություն»,- ասել է Զեյնաբ Սոլեյմանին։

Սոլեյմանիի դուստրը նաև հայտարարել է, որ հոր սպանությունը ԱՄՆ-ին հաղթանակ չի բերել, հակառակ ազդեցությունն է ունեցել. Իրանում ու տարածաշրջանի երկրներում մեծացել է Վաշինգտոնի նկատմամբ զայրույթն ու ատելությունը:

Հիշեցնենք, որ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում ԱՄՆ-ի հատուկ գործողության ժամանակ:

--00—ԼՄ