Գերի ընկածները՝ մոտ 150 հոգի, Շիրակի մարզից են. կան նաև պաշտոնյաներ. «Sputnik Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

սահման զինվոր սահման

Շիրակի մարզի տարբեր համայնքերից ահազանգում են՝ հարազատները 3 օր Արցախի Խծաբերդի մոտակայքում շրջափակման մեջ են եղել, հիմա էլ գերի են ընկել։ Շիրակի մարզի բնակչուհի Ռ. Թ.–ն Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ իր փեսան՝ Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը (ծնված 1992 թ.-ին), իր կամավորական ընկերների հետ ավելի քան 3 օր եղել է շրջափակման մեջ, իսկ երեկ արդեն ադրբեջանական տիրույթում տեսել են, թե ինչպես այդ ջոկատը գերի է հանձնվում: Վերջին անգամ փեսայի հետ խոսել են կիրակի՝ ժամը 12-ից հետո:

«Ասաց՝ մեզ ասել են՝ իջնենք ներքև, մեքենա վերև չի ելնում, մենք ձեզ կփոխարինենք, ու դրանից հետո տեղեկություն չկա, ու արդեն նկար են գցել, որ Ադրբեջանին գերի են հանձնվել: Փեսայիս բարեկամները գնացել են Արցախ, իրենց ասել են՝ տեսնենք՝ ռուս խաղաղապահների գեներալներն՝ ի՞նչ կասեն, եթե ռուսը պետք է ասի, բա մեր պետություն ո՞ւր է»,-ասել է նա։

Ըստ աղբյուրը՝ գերի ընկածների մեծամասնությունը՝ մոտ 150 հոգի, Շիրակի մարզի բնակիչներ են, հատկապես Սարապատ համայնքից:

Ըստ աղբյուրի՝ շիրակցի կամավորականները գերի են ընկել Խծաբերդի հատվածում: Նրանց մեջ կան ՏԻՄ պաշտոնյաներ՝ Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական պատասխանատու Վահրամ Սաղաթելյանը, Անի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Նարեկ Նիկոյանը, որը Սամվել Նիկոյանի եղբորորդին է, կան նաև այլ վարչական ղեկավարներ և դպրոցի տնօրեններ։ 

Նշենք, որ ԱՀ ՊԲ-ն հայտնել է, որ երեկ երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում՝ պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը:

--00—ԼՄ