17 հայ զինծառայող անհետ կորել է, նրանցից 9-ը գերի են, մյուսների ճակատագիրը՝ անհայտ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Արցախի Հադրութի շրջանի Հին թաղեր գյուղի համար երկու օր տեղի ունեցած մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը 9 հայ զինծառայող է գերի վերցրել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հին թաղերի համայնքապետ Էդուարդ Այվազյանը:

Նա նշեց, որ համայնքը պաշտպանող այդ ջոկատի տղաներին չի ճանաչում, տարբեր տեղերից էին, բայց Էջմիածնից էլ կան: «Ես 9 հոգու մասին եմ խոսում, բայց 17 հոգի են պակաս տղերքից, ինձ զանգեցին տեղեկացրեցին, 9 հոգին գիտեմ հաստատ գերի են, մյուսները թե զոհվել են, ինչ-որ մի տեղ կորել են, չգիտեմ, նրանց ճակատագիրն անհայտ է»,- ասաց համայնքապետը:

Այսօր դեռ առավոտյան Էդուարդ Այվազյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Հին թաղերը վերջնականապես անցել են ադրբեջանական տիրապետության տակ:

Դիտարկմանը՝ երեկ քարտեզ հրապարակվեց, թե ռուսական խաղաղապահների վերրահսկողության տակ է համայնքը, նա արձագանքեց. «Ինչ ասում են, ստում են, էս պատերազմը ոնց որ ստով տանուլ տվեցին, այնպես էլ հիմա են ստում»:

Խծաբերդ համայնքի ղեկավար Ալեքսանդր Ավանեսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե չի կարողացել կապ հաստատել և ճշտել՝ արդյոք իրենց գյուղի համար պայքարում էլ են գերիներ վերցվել:

Նշենք, որ ադրբեջանական կողմը լուրեր է տարածում, թե երեք օր առաջ ևս 100 գերի են վերցրել:

--00--ԱՀ