Կաթողիկոսն ու Պարգև Սրբազանը հանդիպել են․ քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News

Արցախ

Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

«Պարգև Սրբազանը Նորին Սրբությանը շնորհակալություն հայտնեց հոգատարության և բուժման մեկնելու հայրական հորդորի համար, որի շնորհիվ անհապաղ բժշկական միջամտությամբ հնարավոր եղավ կանխել կյանքին սպառնացող վտանգը:

Հայոց Հովվապետը, ուրախություն հայտնելով Սրբազանի կազդուրման և վերադարձի առիթով, նկատեց, որ այս օրերին հավատացյալ ժողովուրդը լուրջ անհանգստություն դրսևորեց նրա առողջական վիճակի առնչությամբ, ինչը վկայում է Պարգև Սրբազանի անձի հանդեպ մեծ հարգանքի և սիրո մասին։

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի թեմի առաջնորդն անդրադարձան Արցախում տիրող իրավիճակին, Արցախի ժողովրդի կարիքներին ուղղված նախաձեռնվող ծրագրերին, ինչպես նաև թեմի հետագա գործունեությանը և սրբավայրերի խնամքին»,- տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

  --00—ՄՀ