Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

․

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 11-ին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին  է  ներկայացրել Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, իր խոսքում նախարարն ընդգծել է Սյունիքի մարզի ռազամավարական նշանակությունն ու աշխարհագրական դիրքի կարևորությունը և նշել․ «Այսօր, առավել քան երբևէ, շատ կարևոր է, որ մարզի ղեկավարումը ստանձնի զինվորական փորձառություն ունեցող անձնավորություն, որը մեր սահմանների ամրության գործում ունի իր անձնական մասնակցությունը և գիտակցում է ժամանակի հրամայականը։  Այս դժվարին պահին իր ուսերին նման պատասխանատվություն վերցնելով՝ պարոն Պողոսյանը մեծագույն ծառայություն է մատուցում մեր պետությանը»։

Նախարար Պապիկյանը նորանշանակ մարզպետին և մարզպետարանի աշխատակազմին մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Սյունիքի նախկին  մարզպետ Հունան Պողոսյանին՝ շուրջ երկու տարի մարզը ղեկավարելու համար, ինչպես նաև կարևորել է վերջին ամիսներին Սյունիքի համայնքների վճռորոշ դերակատարումը թիկունքի ամրությունն ապահովելու գործում։ 

Մելիքսեթ Պողոսյանն իր հերթին շնորհակալություն  է հայտնել վստահության համար՝  նշելով, որ Մեղրուց մինչև Գորայք անչափ կարևոր է Սյունիքի պաշտպանությունը ու ինքն անելու է ամեն հնարավորը այն ապահովելու համար։

Հունան Պողոսյանը շնորհավորել է Սյունիքի մարզպետին և շնորհակալություն հայտնել նախարար Պապիկյանին ու ներկաներին՝ համատեղ աշխատանքի համար։

--00--ԱՀ