Ի՞նչ եք անում կանխելու համար Ալիևի և Էրդողանի ոտնձգությունները ՀՀ տարածքի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջում Արա Աբրահամյանը գրառում է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքակն իրավիճակին և այդ համատեքստում խոսքն ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արա Աբրահամյանը նախ հիշեցրել է Բաքվի զորահանդեսի ժամանակ Ալիևի այն հայտարարությունը, թե Երևանը, Սևանն ու Զանգեզուրը «Ադրբեջանի պատմական հողերն են»՝ հույս հայտնելով, որ կիմանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքն այդ մասին:

«Ի՞նչ եք անում կանխելու համար Ալիևի և Էրդողանի ոտնձգությունները ՀՀ տարածքի նկատմամբ, պետության, որի պետական սահմանները տեղ-տեղ պաշտպանում են ոչ թե ՀՀ Զինված ուժերը, այլ՝ խաղաղ բնակիչները, աշխարհազորայինները կամ տեղում գտնվող անվտանգության աշխատակիցները: Եվ դա տեղի է ունենում պետական կառույցների կողմից ճշմարիտ տեղեկատվության իսպառ բացակայության պայմաններում»,-ասել է Արա Աբրահամյանը, ապա հավելել, որ հասկանում է՝ ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ եղել տասնյակ ուժայիններ իրեն իր իսկ ժողովրդից պաշտպանելու համար, սակայն չի հասկանում մեկ այլ բան: 

«Չե՞ք ուզում բացատրել, թե ինչու այդպիսի պաշտպանություն չի ցուցաբերվում Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին ադրբեջանական ոտնձգություններից: Դուք անձամբ ինքնամեկուսացել եք երկրի ու հայ ժողովրդի համար ճակատագրական հարցերի որոշումից, մինչդեռ իրավիճակը խորանում է ամեն օր. կառավարչական քաոս, բնակչության անվտանգության և ՀՀ պետական սահմանների անձեռնմխելիության երաշխիքների բացակայություն»,-ասել է Արա Աբրահամյանը: 

Ըստ հայերի ՌԴ-ում միության նախագահի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող մի շարք քայլերի արդյունքը Արցախի և նրա շուրջ սահմանների անարդարացի վերափոխումն է՝ յոթ շրջանի կորստով, Արցախի բուն տարածքի մի մաս հանձմամբ, ՀՀ-ի հետ սահմանների ճշգրտման գործում խառնաշփոթով հանդերձ:

«Ձեր գործողությունների արդյունքում տարածաշրջանում հաստատվում է ոչ թե խաղաղ համագոյակցություն ու բարգավաճում, որը Դուք և Ալիևը ակնարկում եք, այլ երկու ժողովուրդների միջև նոր պատերազմի օրակարգ է ձևավորվում, քանի որ Ձեր ստորագրած փաստաթղթի հետևանքով անպաշտպան են մնացել հայ ժողովրդի օրինական իրավունքները: Նույն այն ժողովրդի, որի անվան տակ սովոր եք թաքնվել: Բայց այդ ժողովուրդն այսօր հույսով և հավատով նայում է ոչ թե Ձեզ, այլ Ռուսաստանի նախագհին և օգնության խնդրանքով ոչ թե Ձեզ, այլ կրկին Ռուսաստանի նախագահին դիմում... Իսկ Ձեզնից և Ձեր կառավարությունից մեր ժողովուրդը այս և այլ հարցերի առնչությամբ գործուն քայլերի է սպասում»,- նշվում է հայտարարությունում:

--00—ԼՄ

Տեսանյութեր