Գործադիրը հավանություն տվեց ԵԱՏՄ-Սերբիա ազատ առևտրի համաձայնագրին. ի՞նչ է նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

նկար

Կառավարությունը դեկտեմբերի 10-ի նիստի ժամանակ հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցին:

Փաստաթուղթը ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում, և նախատեսվում է, որ  համաձայնագրի կնքմամբ կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ հաշվի առնելով, որ Սերբիայի Հանրապետության հետ ԵԱՏՄ 3 երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր, «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը, որոնք մինչ այժմ հիմնականում սերբական ապրանքներ ներմուծողներ են եղել՝ արտահանման սահմանափակ հնարավորություններով:

Նշենք, որ ԵԱՏՄ շուկա մուտքի բարելավման նպատակով սերբական կողմին որոշակի զիջումներ տրամադրելու հաշվին ստեղծվել են արտահանման լրացուցիչ հնարավորություններ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար:

Համաձայնագրի հիմնական խնդիրներն են.

1. պահպանել նախկինում գոյություն ունեցող շուկայի բաց լինելու աստիճանի հարաբերակցությունը՝ հօգուտ ԵԱՏՄ արտադրողների պաշտպանվածության ավելի բարձր աստիճանի,

2. ապահովել սերբական շուկա մուտք գործելու մասով սակագնային պարտավորությունների պայմանների չվատթարացումը՝ Սերբիայի հետ ԵԱՏՄ անդամ պետությունների արդեն իսկ գործող ազատ առևտրի համաձայնագրերի համար,

3. Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար ստեղծել հավասար արտահանման հնարավորություններ մյուս անդամ պետությունների հետ համատեղ:

--00—ԼՄ