Երեք գերիների հետ հայկական կողմին է փոխանցվել նաև մահացած մեկ այլ տարեց անձի մարմին․ԱՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Հայաստան տեղափոխված հայ երեք գերիներից բացի հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ այլ տարեց անձի մարմին, որը մահացել է ադրբեջանական գերության մեջ:

«Այսօր ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ: Նրանք հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։

Նրանց հետ միասին հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ այլ տարեց անձի մարմին, որը մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում: Նշված անձանց հարազատներն արդեն պատշաճ կերպով տեղեկացվել են նրանց վերադարձի մասին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համադրում ենք մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր աշխատանքները, որոնց շրջանակներում համապատասխան գործողություններ ենք կատարելու վերադարձված անձանց իրավունքներին առնչվող հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մենք նաև շարունակում ենք համատեղ ջանքերը գերիների ու անհայտ կորածների վերաբերյալ տվյալների հավաքագրման ու վերլուծության և պետական լիազոր մարմիններին հնարավորինս աջակցելու, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներում առնչվող հարցերի բարձրացման ուղղությամբ»,- գրել է Բեգլարյանը:

--00--ԱՀ