18 տարին չլրացած անձինք ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

հասարակական

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց քրեական նոր օրենսգրքի նախագիծը։ ՀՀ արդարադատութան նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի կետով ներկայացրել է բարեփոխումների հիմնական ուղղությունները։

Այսպես, որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը. որպես պատժի նպատակ սահմանվել է պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը: Ընդլայնվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ցանկը՝ այդպիսով ազատազրկումը դիտելով որպես ծայրահեղ միջոց։

«Կատարելագործվել են ներկայում գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ և տուգանք պատժատեսակների կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի կարգավորումներին համահունչ, պատժի նշանակման առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվել համաձայնեցման և համագործակցության վարույթների դեպքում: Հստակ սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները: Մասնավորապես, հաշվի առնելով անչափահասների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, նախատեսվել է, որ հանցանքը կատարելիս 18 տարին չլրացած անձինք ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել», - մեկնաբանել է նախարարը:

Նշվածներից զատ՝ սահմանվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, պատիժների համակարգը:

Հստակեցվել և կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները և այլն։

--0--ԿԿ