ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը դիվանագետներին կոչ է անում դատապարտել Փաշինյանի որոշումը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News   

ՍԴ

 ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դիմել է Հայաստանի Հանրապետության բոլոր դիվանագետներին․

«Հարգելի գործընկերներ

Ես շատ լավ հասկանում եմ առաքելության մեջ գտնվելու ընթացքում Ձեր քաղաքական զսպվածություն ցուցաբերելու օրենսդրական պահանջը, բայց նաև հասկանում եմ, որ առանձին հարցերի վերաբերյալ լռությունն ու անտարբերությունը մասնագիտական անգործություն է։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով դեսպանի պաշտոնը դասակարգված է իբրև պետական հայեցողական պաշտոն, ուստի այդ պաշտոնը զբաղեցնող յուրաքանչյուր ոք, մասնագիտական ծառայությունից իրականացնելուց զատ, ունի սեփական մոտեցումներն արտահայտելու իրավունք և նաև պարտավորություն։ ՀՀ ԱԳՆ կայքում ամրագրված է, որ Արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է «Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծումը»՝ ամրագրելով դրա սկզբունքները:

Մեկ ամիս է արդեն, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում հայտնված անձը, խախտելով արտաքին քաղաքականության հիմնական գերակայություն հանդիսացող խնդրի լուծման Հայկական կողմի համար ընդունելի բոլոր սկզբունքները, ստորագրել է մի պարվողական փաստաթուղթ, որը հետևանք էր արտաքին քաղաքականության ոլորտում նրա կողմից իրականացված անհեռատես և անմիտ գործողությունների պատճառով հրահրված պատերազմի։ Պարզվում է, որ ստորագրված պարտվողական փաստաթղթի գոյության մասին տեղյակ չի եղել անգամ ՀՀ արտաքին գործերի նախարարը, հետևաբար ողջ դիվանագիտական կազմը։ Դա պատճառ է հանդիսացել ՀՀ արտաքին գործերի նախարարի, նրա տեղակալի մի շարք դիվանագետների հրաժարականի համար։

Եթե ձեր շարքերում դեռևս կան մարդիկ, ովքեր պատրաստ են ներկայացնել այդ դավաճանական փաստաթուղթը ստորագրած, միանձնյա որոշումներ կայացրած մարդուն և նրա ղեկավարած կառավարությունը, կնշանակի, որ դուք դուրս եք գալիս եք ծառայողական, հայրենանվեր աշխատանքի տիրույթի և ակամայից դառնում եք այդ դավաճանական ուժի մի մասը, անկախ ձեր նախկին պրոֆեսիոնալ գործունեությունից, դուք վերածվում եք գործող դիվանագետի համար անընդունելի քաղաքական գործիչների։

Այս վիճակում ձեր պատիվն ու արժանապատվությունը, մասնագիտական հեղինակությունը փրկելու մեկ տարբերակ կարող է լինել․ հրապարակային հայտարարություններով դատապարտել վարչապետի պաշտոնում հայտնված դավաճանի որոշումը, հրաժարվել նրան և իր հանցավոր կառավարությունը ներկայացնելու առաքելությունից և նրա ազգադավ հանձնարարությունները կատարելուց։ Այդ պարագայում դուք պետք է շարունակեք մնալ ձեր դիրքում՝ սպասելով նոր կառավարության ձևավորմանը և ձեր առաքելության հետագա իրականացմանը։

Լուսանկարում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից հրավիրված Եվրոպական երկրներում և Եվրոպայում գործող միջազգային կազմակերպություններում ՀՀ դեսպանների և պաշտոնական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցություն՝ ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Վիենա, 09, դեկտեմբերի 2017թ․»

 --00—ՄՀ