Ոստիկաններն Արտաշատի բաժնում ծեծել են Գերասիմ Վարդանյանին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News

Գերասիմ

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում ոստիկանները ծեծել են և բռնություն գործադրել Արարատի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանին. Yerkir.am-ին տեղեկացրել է Գերասիմ Վարդանյանը, որն այժմ գտնվում է ոստիկանության Արտաշատի բաժնում:

«Բաժին բերման ենթարկելուց  հետո ոստիկաններով թափվեցին վրաս և սկսեցին հարվածել: Ես, իհարկե, հնարավորության սահմաններում թույլ չտվեցի, որ Նիկոլի ռեժիմին ծառայող այդ թափթփուկները հագուրդ տան իրենց մոլուցքին, այդուհանդերձ, փաստ է, որ գահավիժող ռեժիմն ամեն գնով ուզում է գոնե մի քանի ժամով երկարացնել իր կյանքը, որը թույլ չենք տալու»,- հայտնել է Վարդանյանը:

Նա նշել է նաև, որ, չնայած իրեն հարվածող ոստիկանների տմարդի պահվածքին, այդուհանդերձ, հայտնվեցին նաև իրենց արժանապատիվ պահող ոստիկաններ և հանդարտեցրին իրավիճակը: 

«Մարզպետ Գարիկն ու ինձ հարվածող ոստիկան կոչեցյալները պատասխան են տալու: Այս ամենը վերջանալուց հետո՝ թող դրանք մտածեն, թե ոնց են այս մարզում ապրելու, ոնց են ինձ նայելու և ինձ հանդիպելուց ուր են փախչելու»,- հավելել է նա:

--00--ԱԹ