Ակնկալում ենք, որ ոստիկանությունը չի խոչընդոտի հավաքին. Հայրենիքի փրկության շարժում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News   

ոստիկանություն

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել՝ դիմելով ոստիկաններին:

Շարժման անդամներն ակնկալում են, որ ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված օրինականության սկզբունքին, չի խոչընդոտի միջոցառումների իրականացմանը և առաջնորդվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ` իր իրավասությունների սահմաններում կաջակցի հավաքին: Հայրենիքի փրկության շարժումից հայտնում են նաև, որ ցանկացած ապօրինության պատասխանատվություն կրելու է բացառապես իշխանությունը:

«Հարգարժա՛ն ՀՀ ոստիկաններ,
 

Հայրենիքի փրկության շարժումը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին տվել էր ժամանակ մինչև այսօր 12:00-ն իր հրաժարականը ներկայացնելու համար:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հրաժարական չներկայացնելով պայմանավորված՝ հնարավոր են ինչպես ինքնաբուխ, այնպես էլ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կողմից շտապ հավաքների անցկացում և իրականացում:

Ակնկալում ենք, որ ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված օրինականության սկզբունքին, չի խոչընդոտի այդ միջոցառումների իրականացմանը և առաջնորդվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ` իր իրավասությունների սահմաններում կաջակցի հավաքին:

Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի՝ հավաքների մասնակիցների իրավական աջակցման և օգնության տրամադրման թեժ գծի հեռախոսահամարը` 043 20 05 97, որը շարունակում է գործել 24 ժամ:

Ոստիկանության ուշադրությունն ենք հրավիրում մամուլում շրջանառվող այն տեղեկությունների վրա, որ իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչներ պատրաստվում են կազմակերպել սադրանքներ և կանխամտածված քաղաքացիական բախումներ, ինչի առնչությամբ հայտնում ենք, որ ցանկացած ապօրինության պատասխանատվություն կրելու է բացառապես իշխանությունը:

Իրավական պետությունն այլընտրանք չունի», - ասված է հայտարարությունում։

 --00—ՄՀ