Վերջին հայտարարությունների համար Միքայել Համբարձումյանին կանչել են ՀՔԾ. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Միքայել Համբարձումյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ծանուցագիր է ուղարկել: Ըստ այդմ, Միքայել Համբարձումյանը պետք է դեկտեմբերի 9-ին ներկայանա Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության:

Ըստ էության, ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ-ին հարցաքննության են հրավիրում իր վերջին հայտարարությունների մասով։ Այնպիսի տպավորություն է, որ բոլոր այն պաշտոնյաները, որոնք համարձակվում են ներկայացնել քաղաքական իշխանությունների ձախողումները պատերազմի ընթացքում, հայտնվում են ՀՔԾ-ի տեսադաշտում: Ինչով կավարտվի ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ հարցաքննությունը, եւ կոնկրետ ինչ գործի շրջանակներում են հրավիրել, պարզ չէ։ Թերևս սպասենք զարգացումներին:

Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը նոյեմբերի 12-ին՝ իր հրաժարականից չորս օր հետո հայտարարություն տարածեց՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ՝ հավելելով. «Ձերբակալություններով, խուզարկություններով եւ այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր: Երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ, և եթե Դուք վստահ եք, որ Ձեր գործողությունները ճիշտ են եղել, ժողովուրդը պետք է տա իր գնահատականը` ընտրության արդյունքներով»:

--00--ԱՀ