Անկարան պետք է վերականգնի վստահությունը. մենք ուզում ենք ապրել խաղաղ տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Թուրքիան՝ որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Այս մասին այսօր Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:

«Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու համար Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը: Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից»,- նշեց նա:

Այվազյանը հավելեց, որ դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ, այլ հակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները:

Լրագրողներն Այվազյանին խնդրեցին մեկնաբանել իր թուրք պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե ԼՂ հարցով եռակողմ համաձայնությունը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հնարավորություն է ստեղծում:

«Ես ոչ թե պատրաստվում եմ մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերը, այլ հիշեցնել այդ երկրի գործողությունները»,- ասաց Այվազյանը: 

Նա հիշեցրեց՝ ՀՀ-ում և Սփյուռքում բնակվող հայերի մեծամասնությունը 20-րդ դարի առաջին՝ Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության զոհերի ժառանգներն են: 

«Մենք պատմական հիշողություն ունենք»,- նշեց նա:

Այվազյանը հիշեցրեց՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու փորձի պատասխանը շրջափակումը եղավ, Թուրքիան առանցքային դեր է խաղացել Արցախի դեմ պատերազմի սանձազերծման հարցում, սպառնացել է Հայաստանին:

«Իհարկե, բոլորս ուզում ենք ապրել խաղաղության մեջ, բայց դրա համար նախ պետք է Անկարան պետք է վերականգնի իր վստահությունը: Մենք դեռ կգնահատենք՝ որքանով էին անկեղծ Անկարայի խոսքերը Հարավային Կովկասում նոր դարաշրջանի վերաբերյալ»,- ասաց Այվազյանը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս