ՌԴ-ն ակնկալում է՝ ԵԱՀԿ երկրներն ավելի ակտիվ կօժանդակեն ԼՂ հայտարարությունը կյանքի կոչելուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

լավրով

ՌԴ-ն ակնկալում է, որ ԵԱՀԿ անդամ-երկրներն առավել ակտիվորեն կօժանդակեն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցմանն ուղղված եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելու գործընթացին: Այդ մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տեսաուղերձին, որն ուղղված է ԵԱՀԿ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի մասնակիցներին:

«ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված համաձայնությունները պետք է ավելի շատ աջակցություն ստանան անդամ երկրներից, ինչը կնպաստի դրանց կյանքի կոչմանը։ Ակնկալում ենք դա Լեռնային Ղարաբաղում կարգավորման հարցում, որին շարունակելու ենք ամեն կերպ օժանդակել։ Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջև փոխգործակցությունը», - ասել է Լավրովը։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

-00—ԼՄ