Պատերազմ ոչ ոք չի ուզում. այս վարչակազմի օր շուտ հեռանալը կնվազեցնի արհավիրքը. Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24News   

Բազմաթիվ գործիչներ հայտարարել են, որ իրենց մոտեցման հիմքում ոչ թե այդ փաստաթուղթը չեղյալ հայտարարելն է, այլ՝ կառավարության և վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորումը, ինչը հնարավորություն կտա կարող, գրագետ ունակություններ և հմտություններ ունեցող մարդկանց ներգրավել այդ փաստաթղթով ենթադրվող, կարգավորումը շարունակական դարձնող փաստաթղթերի շարադրմանը և ամրապնդմանը։ Այսինքն՝ դա հերթական սուտն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմությունն առ այսօր դիրքորոշում չի հայտնել փաստաթղթի վերաբերյալ։

«Ընդդիմության անունից խոսել չեմ կարող, բայց բոլոր նրանք, որոնք հետևում են տեղեկատվական հոսքերին, հստակ տեսնում են, որ բազմաթիվ անգամներ ընդդիմության տարբեր առաջնորդներ նշել են, որ խոսքն այսօր չի գնում հրապարակված՝ երկու երկրների նախագահների և մեր երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից վավերացված փաստաթղթի չեղյալ հայտարարելու մասին։ Խոսքը գնում է այն մասին, որ գործող իշխանությունը երկու տարվա ընթացքում ապացուցեց, որ որևէ կառուցողական գործունեության իրականացման ունակ չէ, պատերազմի ընթացքում ապացուցեց, որ հիմքում ունեցել է գործողությունների միայն սուտը և անձնական շահը»,- նշեց Սաղաթելյանը։

Սաղաթելյանը գտնում է, որ օր շուտ այս վարչակազմի հեռացումն ավելի կնվազեցնի մեր երկրին սպասվող արհավիրքը և, ինչպես յուրաքանչյուր օր ուշ կանգնեցնելով պատերազմը, սրանք բերեցին բազմաթիվ զոհերի և անհետ կորածների, որոնց հարցերով կարելի էր զբաղվել շատ վաղուց, նույնն է, այս խմբակի ամեն օր իշխանության մնալը բերում է նրան, որ մենք ամեն օր մտնում ենք ավելի ցունգցվանգային իրավիճակի մեջ որպես անձ և որպես պետություն։

«Անտեսված և ոտնահարված են հայերի և հայության շահերն ամեն տեղ, սա ունենալու է մուլտիպլիկացիոն էֆեկտ։ Այսինքն՝ մենք հիմա ունենք ազգապահպանության խնդիր՝ Հայաստանից դուրս։ Արդեն բազմաթիվ տեղեր հայերին ճնշում են, նեղում են և այդ գործողությունները կրում են ուղղորդված և կազմակերպված բնույթ»,- նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ այս աթոռներից կառչած մարդիկ, որոնք ֆեյսբուքներում և տեսախցիկների առջև ինչ-որ թվացյալ ողջամիտ մտքեր են արտահայտում, ի վիճակի չեն ընդհանրապես կարգավորել այդ գործընթացները։

--00--ԱԹ