Փաշինյանն ինքն էլ այնքան գոհ չէ այս իրավիճակից, բայց կարծում է՝ պետք է չսրել վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը, որի շրջանակում անդրադարձ է եղել նաև ԼՂ-ի վերաբերյալ հանրության շրջանում առկա տրամադրություններին: 

Ըստ Փաշինյանի՝ ճիշտ է ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում, այդուամենայնիվ, վարչապետ կարծում է, որ դա չի նշանակում, որ բոլորը գոհ են ներկայիս ստեղծված իրավիճակից՝ և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, և՛ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով:

«Անկեղծ ասած, ես ինքս էլ այնքան գոհ չեմ: Մենք բոլորս էլ գոհ չենք այն իրավիճակից, որը մեզ մոտ ձևավորվել է: Բայց պետք է հասկանալ, թե մենք ինչ այլընտրանքներ ունենք: Մենք պետք է աշխատենք, որպեսզի իրավիճակն ավելի չվատթարացնենք, որպեսզի կայունացնենք և բարելավենք այն: Եվ ինչպես ես արդեն ասացի, նկատի ունեմ ոչ միայն ներքին անվտանգությունն ու կայունությունը, այլև արտաքին կայունությունն ու անվտանգությունը և տնտեսական անվտանգությունն ու կայունությունը: Մենք պետք է աշխատենք և կենտրոնանանք այս հարցերի վրա:

Սա չի նշանակում, որ կառավարությունը համարում է, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է: Հակառակը, մենք համարում ենք, որ առաջին հերթին պետք է չսրել իրավիճակը, ավելի չվատթարացնել այն: Հիմա մեր առջև շատ հարցեր կան՝ կապված Արցախի, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրենց տներ վերադարձի հետ: Պետք է սոցիալական որոշակի երաշխիքներ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար և այն մարդկանց համար, ովքեր իրենց տունն են կորցրել: Պետք է կայունացնել սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում»,-ասել է Փաշինյանը և հավելել, որ այս ժամանակահատվածում առաջին հերթին ընդհանուր նպատակը պետք է դառնա նաև կորոնավիրուսյին իրավիճակի կայունացումը, և դրանից հետո պետք է որոշում ընդունվի, թե ինչ պետք է անել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

--00—ԼՄ