Ուխտասարի վերջին օրը․ Коммерсантъ-ը՝ ադրբեջանական տարածք դարձած հայկական գյուղի մասին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24News   

պապի

Լեռնային Ղարաբաղում սկսվել է հետպատերազմյան կարգավորման ամենացավոտ փուլը` տարածքների բաժանումը: Արցախի Հանրապետության ամբողջական շրջաններ փոխանցվում են Ադրբեջանի վերահսկողության տակ. այդ տարածքների հայ բնակիչները ստիպված են լքել իրենց տներն ու հեռանալ` իրենք էլ չգիտեն, թե ուր:

«Коммерсантъ» պարբերականի թղթակից Ալեքսանդր Չորնիխը վերադարձել է Ուխտասար գյուղ. մեկ ամիս առաջ նա այնտեղ էր մարտական գործողությունների ժամանակ: Ինչպես պարզվել է, նրան հաջողվել է վերադառնալ հայկական գյուղի գոյության վերջին օրը:

«Այն, ինչ մենք ունեինք, մեր իշխանությունը չկարողացավ պահպանել»

 Նոյեմբերի վերջին Ստեփանակերտը ծածկված է խիտ մառախուղով: Տեսանելիությունը մի քանի մետր է, բայց գուցե սա ավելի լավ է. սպիտակավուն մշուշը նրբորեն ծածկում է ռմբակոծված պատերն ու այրված մեքենաները: Եթե ուշադիր չես նայում, քաղաքը նման է քաղաքի: Գեղեցիկ է:

Բայց գլխավոր հրապարակում նույնիսկ մառախուղն է անզոր: Փախստականներով ավտոբուսներն այստեղ են ժամանում յուրաքանչյուր կես ժամը մեկ: Ոմանք տարհանումից տուն են վերադառնում, ոմանք էլ ժամանել են Ստեփանակերտ, քանի որ այլևս  իրենց տունը չկա: Տասնյակ մարդիկ բեռնաթափում են տուփերը, պայուսակները` ընդհատ բախվելով մշուշի մեջ: Նորածինները ճչում են, իսկ մեծահասակները լաց լինում ՝ գրկելով իրենց հարազատներին:

«Ես մեկնել էի Երևան, որտեղ իմ ծանոթների ծանոթները պատերազմի ընթացքում անվճար բնակարան էին տրամադրել,-պատմում է Դիանան,-Ահա  վերադարձել ենք, բայց ինչպես ապրել այստեղ, պարզ չէ: Մեր հարևանների հետ (նկատի ունի Ադրբեջանը) ոչ մի երաշխիք չկա, որ այս խաղաղությունը երկար կտևի: Ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում, նրանց պատճառով ես արդեն երեք անգամ փախստական եմ դարձել»:

Դիանան ծնվել է խորհրդային Բաքվում, Սումգայիթի ջարդերից հետո նրա ընտանիքը 1988 թվականին փախել է քաղաքից:

«Մայրիկը Շահումյանից էր, մենք որոշեցինք տեղափոխվել այնտեղ: 1992-ին մեզ այնտեղից էլ վտարեցին, - հիշում է կինը, - մենք սկսեցինք ապրել Ստեփանակերտում, բայց պատերազմն այստեղ էլ եկավ»:

Նա խոստովանում է, որ այժմ ցանկանում է Ղարաբաղից մեկնել Հայաստան, և գուցե նույնիսկ ավելի հեռու. «Այն, ինչ ունեինք, մեր իշխանությունը չկարողացավ պահել: Ամոթալի է ու դառը, որ ամեն ինչ այսպես ավարտվեց»:

 Հատկապես շատ փախստականներ կան քաղաքում հարևան Ասկերանի շրջանից. Ադրբեջանում այն անվանում են Աղդամի շրջան: Աղդամ «ուրվական քաղաքը» և նրա հարակից տարածքները առաջիններից են, որոնք փոխանցվում  են Ադրբեջանին:

Այժմ ուր նայի հայացքը...

«Հրապարակում մենք գտնում ենք  տաքսու վարորդի, ով համաձայնում է մեզ տանել տեղահանված բնակավայր։ Ստեփանակերտից  ուղևորվում ենք Լեռնային Ղարաբաղի նոր սահման` Ասկերանի շրջանի Ուխտասար գյուղ: Գյուղը տարիների ընթացքում վերաբնակեցվել էր, մարդիկ այգիներ էին տնկել, երեխաներ են ծնել, մահացածներին թաղել: Վերաբնակիչները դարձել էին արմատական բնակիչներ, սերունդ էր մեծացել, որի համար Ուխտասարը հայրենիք էր դարձել»,- գրել է թղթակիցը։
 
Մեկ ամիս առաջ Ուխտասարը գրեթե ամբողջովին դատարկ էր: Կանանց ու երեխաներին տարհանել էին, տղամարդիկ գնացել էին ռազմաճակատ, գյուղում մնացել էին մի քանի ալեհեր ծերունիներ: Նրանք լրագրողներին խաղող և նուռ էին հյուրասիրում, դիրքավորվում էին Կալաշնիկովի ինքնաձիգով և հպարտորեն պատմում էին, թե ինչպես են ամեն օր մեկնում՝ ճանապարհների ոլորանները պաշտպանելու համար: Այս ռազմաշունչ հզոր պապերը համոզված էին մոտալուտ հաղթանակում և պահանջում էին, որ պատերազմից հետո լրագրողները հյուր գան ՝ «գինի խմելու, նուռ ուտելու»:

«Գյուղի ծայրամասում հանդիպեցինք մեզ ծանոթ պապերից մեկին: Մեկ ամսվա ընթացքում Խաչիկը մեծացել էր տասնյակ տարիներով»,- նշել է թղթակիցը։

 Գյուղացի մարդիկ չգիտեն, թե ուր են գնալու:

«Ես գյուղացի եմ, ի՞նչ պետք է անեմ քաղաքում: Միայն շինարարության մեջ կարող եմ աշխատել, բայց Հայաստանում շինարարության ոլորտում բոլորի համար տեղ չի լինի: Ստիպված կլինենք ավելի հեռու գնալ, Վրաստան, կամ միգուցե ձեզ մոտ` Ռուսաստան»:

 «Եթե այստեղ էլ Ռուսաստանի դրոշ լինի, մենք նույն օրը կվերադառնանք»,-ասում է գյուղացիներից մեկը:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

--00—ՄՀ