ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների մասին տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոն կհիմվի

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24News    

նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոն հիմնել։  

«Կենտրոնի կառուցման հայեցակարգը քննարկելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է դիզայներների, ճարտարապետների եւ ճարտարապետական ընկերությունների ուշադրությունը։ Սա հրաշալի հնարավորություն է կյանքի կոչել ձեր համարձակ մտահղացումները, նորարարական մոտեցումները եւ նորովի ներկայանալ հանրությանը ձեր ճարտարապետական տեսլականով։

Նախագիծը յուրահատուկ կամուրջ կհանդիսանա հանրության, ոլորտի մասնագետների, ընկերությունների եւ պետական գերատեսչության միջեւ։

Նոյեմբերի 25-ին Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է այց «Ջրվեժ» անտառպարկ՝ նախարարության ներկայացուցիչների եւ մասնագետների հետ ապագա տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնի տարածքը տեղում դիտարկելու նպատակով։ Այցի ընթացքում նախատեսվում է համատեղ քննարկում, կենտրոնի կառուցման հայեցակարգի վերաբերյալ մտքերի փոխանակում եւ կենտրոնի հիմնման համար նախապես ընտրված 2-3 տարածքներից առավել համապատասխան եւ նպատակահարմար տարածքի ընտրություն։

Նախագծով հետաքրքրված եւ շահագրգիռ անձինք ու կազմակերպությունները կարող են կապ հաստատել [email protected] հասցեով կամ 093 54 99 55 հեռախոսահամարով։

Նշենք, որ նախագծի այս փուլում նախարարությունն ակնկալում է հետաքրքրություն հայտնած մասնակիցների կամավոր աջակցություն, իսկ հետագա փուլերում «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի ընթացակարգերին համապատասխան կհայտարարվի Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնի նախագծման բաց մրցույթ, որին մասնակցելու հնարավորություն կունենան մրցույթի պահանջներին բավարարող բոլոր հնարավոր մասնակիցները։

Նոյեմբերի 25-ին նախատեսված  Երեւան-«Ջրվեժ» անտառպարկ այցի կազմակերպման տրանսպորտային ծախսերը կհոգա Շրջակա միջավայրի նախարարությունը։

Մեկնումը՝ 25․11․2020թ․, ժամը 11։00, ք․ Երեւան, ՀՀ Կառավարական 3-րդ մասնաշենքի կենտրոնական մուտքի դիմացից։

Այցի մասնակիցների քանակը սահմանափակ է, խնդրում ենք նախօրոք գրանցվել հետեւյալ հղմամբ։

Կազմակերպչական հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել 093 54 99 55 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՄՀ