Տեղեկատվական սադրանքները չպետք է լինեն եթերում․ ՀՌՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

․

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե հանրային մուլտիպլեքսում գործող որոշ հեռուստաընկերությունների ղեկավարներին, իրական կամ ստվերային սեփականատերերին թվում է, թե այս ծայրահեղ անկայուն իրավիճակում Հայաստանում դադարում են գործել Սահմանադրությունն ու օրենքները, ապա նրանք չարաչար սխալվում են:

Չորս օր առաջ ՀՌՀ-ն բարեկամաբար դիմեց բոլոր հեռարձակողներին իրավիճակը չսրելու կոչով: Ստիպված եմ կրկնել. հաշվեհարդարի կոչերը, բռնի կերպով սահմադրական կարգեր տապալելու գործողությունների քարոզչական ուղեկցությունը, տեղեկատվական սադրանքները չպետք է լինեն եթերում: Լուսաբանեք բողոքի ցույցերը, ամենայն դաժանությամբ քննադատեք, բայց եթերում խուլիգանություն մի արեք: Հանձնաժողովն արձանագրում է բոլոր իրավախախտումները և վարչական վարույթներ է բացում:

Եթե Հայաստանում իշխանափոխություն է հասունացել, ապա այն պետք է լինի անցնցում և իրավական: Սեղանին մեր պետության, մեր երեխաների ճակատագիրն է: Եթերային խուլիգանությունը պիտի բացառված լինի եւ այս, և ցանկացած այլ ճգնաժամային իրավիճակում: Անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին: Հակառակ դեպքում պատերազմում պարտությունը կվերածենք պետության պարտությանը:

P.S. Երկու օր առաջ ՀՌՀ դահլիճում ոգեշունչ ճառեր էիք արտասանում պետության եւ ժողովրդի առջեւ ձեր պատասխանատվության, էթիկական նորմերի պահպանման եւ այլի մասին: Էս ա՞ ձեր էթիկան ու պատասխանատվությունը»:

--00--ԱՀ