Չեմ կարծում՝ ԼՂ հարցը լուծվել է առանց ԱՄՆ մասնակցության. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1.jpg

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ում կրակի դադարեցման մասին համաձայնագրին ու դրան հաջորդած արձագանքներին:

«Նախևառաջ, ես չեմ կարծում, որ ԼՂ հարցը լուծվել է առանց ԱՄՆ-ի մասնակցության, քանի որ, իհարկե, երեք համանախագահների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դիրքորոշումը, որ վերջին մեկ ամսում քանիցս շարադրվել է՝ թե նախագահների, թե նախարարների ու համանախագահող երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով, կրակի անհապաղ դադարեցման, հրադադարի ռեժիմի խախտումը վերահսկելու մեխանիզմների մշակման օգտին այդ դիրքորոշումն, ամեն դեպքում, քաղաքականապես, հոգեբանորեն ազդել է իրավիճակի վրա»,- ասել է Լավրովը: 

Նա նաև հավելել է, որ արևմտյան երկրները ազդեցություն ունեն տարածաշրջանային երկրների վրա:

«Ինչպիսին էլ լինի վերաբերմունքը մեր արևմտյան գործընկերների նկատմամբ, բայց նրանք, ամեն դեպքում, ազդեցություն ունեն տարածաշրջանային երկրների վրա: Այդ պատճառով էլ նրանց կոչերը թեպետ այդ շրջանում նյութական ձևակերպում չունեին, սակայն քաղաքական առումով կարևոր դեր խաղացին, որ վերջնական արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տիտանական ջանքերի շնորհիվ ձեռք բերված այդ համաձայնությունն աշխատի: Եվ այն աշխատում է հիմա»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: 

Նա միաժամանակ հայտնել է, որ վերջին օրերին ԼՂ հարցով ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ շփումներում, նաև ՌԴ նախագահի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփումներում ամեն դեպքում զգացվում է ինչ-որ «խոցված ինքնասիրության» նշույլ: Դա, Լավրովի գնահատմամբ, «տխուր է»:

«Մի իրավիճակում, երբ խոսքը բառացիորեն րոպեների մասին է, որոնցից յուրաքանչյուրը մարդկային կյանքեր արժեր, զանգել Փարիզ, Վաշինգտոն, պայմանավորվել՝ արդյո՞ք նրանք կաջակցեն այս կամ այն ձևակերպմանը... Գիտեք, ես կարծում եմ պարզապես կոռեկտ չէ նման պահանջներ ներկայացնելը, դա նաև էթիկապես ճիշտ չէ պարզ մարդկային բարոյականության տեսանկյունից»,- նշել է նա:

--00--ԱԹ