Ողջունում ենք հրադադարը, բայց ԼՂ հակամարտությունն ամբողջապես լուծված չէ. Հայկո Մաաս

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Մաաս

Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կառուցվածքը պետք է նախապատրաստել ապագայի մարտահրավերներին: Այս կոչով է հանդես եկել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը: 

Նա նշել է՝ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, որ մարդու իրավունքների պաշտպանության գծով աշխատանքը «մշտապես պետք է համապատասխանի փոփոխվող պայմաններին»: 

«Մենք պետք է ապագայի մարտահրավերներին նախապատրաստենք ՄԻ պաշտպանության մեր եվրոպական սխեման»,- կարծում է նա:

Մաասը ԵՄ անդամ երկրներին կոչ է արել ճանաչել այն որոշումները, որ կայացնում է ՄԻԵԴ-ը:

«Շատ հաճախ այդ վճիռները կյանքի են կոչվում թերի կամ ընդհանրապես չեն իրականացվում»,- նշել է Մաասը:

Գերմանիայի ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին:

«Մենք ողջունում ենք հրադադարը, բայց հակամարտությունն այս կերպ լուծված չէ: Այս առիթով մենք կողմերին կոչ ենք անում աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկարաժամկետ քաղաքական լուծման ուղղությամբ»,- ասել է նա:

--00--ԱԹ