Վնասազերծել հրոսակներին և կազմակերպիչներին․ կոչ իրավապահներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

հասարակական

10-ից ավելի հասարակական գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում իրավապահներին վնասազերծել հրոսակներին եւ կազմակերպիչներին:

Հայտարարությունում ասվում է.

«Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ կառավարության ամառանոցում զինված հրոսակախմբեր են հավաքագրվում, որոնց համազգեստ եւ զենք է տրամադրվում՝ ընդդիմության դեմ գործածելու եւ առհասարակ՝ իշխանության հակառակորդներին պատժելու նպատակով (հայտարարությանը կցվում են համապատասխան լուսանկարներ)։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` հավանական է նաեւ, որ իշխանությունների կողմից ստեղծված հրոսակախմբերը հրահրեն տարբեր սադրանքներ՝ երկրում ստեղծելով հաշվեհարդարի մթնոլորտ։

Անհանդուրժողականության եւ ինքնիրավչության այս իրավիճակը խիստ մտահոգիչ է եւ կարող է հանգեցնել ծանրագույն հետեւանքների՝ վտանգելով իրավական պետության հիմքերը։ Սա կարող է բերել ծանրագույն հանցագործությունների եւ քաղաքացիական բախումների։

Այս պայմաններում դիմում ենք իրավապահ համակարգի պատասխանատու մարմիններին՝ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը` կոչ անելով քննության առարկա դարձնել մամուլում հրապարակված տեղեկատվությունը, իրավական գնահատական տալ հրոսակախմբերի ստեղծման գործընթացին, միջոցներ ձեռնարկել դրանց վնասազերծման եւ կազմակերպիչների հայտնաբերման ու մեկուսացման համար /հավատարիմ մնալով Ոստիկանության մասին օրենքի 2-րդ եւ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի 2-րդ եւ 15-րդ հոդվածների պահանջներին/։

Հակառակ պարագայում ծանրագույն հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու են իրավապահ համակարգի պատասխանատու մարմինները։  Հայաստանում իշխանությունը չի կարող պահպանվել անօրինական խմբերի միջոցով։

Իրավական համակարգի ողջամիտ գործողություններից է կախված՝ մեր երկրում կպահպանվե՞ն իրավական պետության հիմքերը, թե՞ մենք կզիջենք փողոցային հաշվեհարդարներին եւ սադրանքներին։

Հայաստանում իշխանության փոփոխությունը եւ բոլոր քաղաքական պրոցեսները պետք է լինեն խաղաղ, օրինականության շրջանակներում եւ սահուն։

Էլինար Վարդանյան – Այլընտրանքային նախագծեր խումբ

Լարիսա Ալավերդյան – Մարդու իրավունքների առաջին պաշտպան

Ավետիք Իշխանյան – Հայաստանի հելսինկյան կոմիտե

Արփինե Հովհաննիսյան - «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ

Գեւորգ Դանիելյան –իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր

Սիրանուշ Սահակյան - «Իրավական ուղի» ՀԿ

Գոհար Մելոյան - Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն

Ռուբեն Մելիքյան - «Իրավական ուղի» ՀԿ

Զարուհի Հովհաննիսյան – իրավապաշտպան

Զարուհի Փաստանջյան - փաստաբան

Արծրուն Պեպանյան – քաղաքագետ

Ռազմիկ Դավոյան – բանաստեղծ

Սերժ Սրապիոնյան - գրականագետ

--0--ԿԿ