Լավ կլինի՝ ծածկադմփոց անելուց դուրս գան ու հստակ պատասխանեն՝ ինչու էին եկել իմ տուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Ինչո՞ւ էին իմքայլական պատգամավորներ Հակոբ Սիմիդյանը և Հայկ Սարգսյանը գնացել Վարդան Աթաբեկյանի տուն, ԱԺ պատգամավորը մինչ այժմ չգիտի:

«Մեր խմբակցությունից երկու պատգամավոր այդ օրը զանգել են ինձ, իրենց տրվել է պատասխան, թե ինչու եմ դուրս գալիս խմբակցությունից։ Այնպես որ, դրա համար պետք չէր իմ տուն գալ», - թեմային անդրադառնալով՝ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Աթաբեկյանը:

Դիտարկմանը՝ լուրեր են շրջանառվում, թե ընդիիմության ներկայացուցիչներն են իրեն համոզել, որ դուրս գա «Իմ քայլը» խմբակցությունից, Վարդան Աթաբեկյանը ասել է, որ բացառված է նման բան, նույնիսկ՝ հիմա: 

«Իմ ականջին հասել է, որ իմ առանձնատուն հենց դրա համար էին եկել։ Լավ կլինի բացատրեն, թե որտեղից այդ կասկածները։ Լավ կլինի, որ Սիմիդյանը դա իր մտքից, ֆանտազիաներից հանի ու չտրվի ուրիշի խոսքերին։ Ինքը երկար տարիներ ինձ ու իմ ընտանիքին ճանաչում է, իսկ ով ինձ ճանաչում է, գիտի, որ կարող է ուղիղ խոսքով հարցնել, ուղիղ պատասխան ստանա։ Դրա համար պետք չէր գաղտագողի գալ իմ առանձնատուն։ Լավ կլինի, որ այդ ծածկադմփոց անելուց դուրս գան ու հստակ պատասխանեն, թե ինչու էին եկել իմ տուն։ Ով ինձ ճանաչում է, գիտի, որ նման ձևով իմ տան վրա գալն իմ համար բացարձակ անընդունելի է»,-ասել է նա։

Հիշեցնենք՝ օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտնել էր խմբակցությունից դուրս գալու որոշում է ընդունել՝ պատճառաբանելով, թե համակարծիք չէ քաղաքական թիմի դիրքորոշման հետ։ Դրանից հետո նա հայտնել էր, որ իմքայլական պատգամավորներ Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը մի քանի մեքենայով կեսգիշերն անց գնացել են իր տուն, ինքը, սակայն, տանը չի եղել։ Սիմիդյանն ասել էր, թե գնացել էին՝ հասկանալու՝ իրենց գործընկերն ինչո՞ւ է նման հայտարարություն արել։

--00—ԼՄ