Ի՞նչ քաղաքացիական պատերազմ․ ո՞վ է դրա մասին խոսում․ ոստիկանությունը և ԱԱԾ-ն կկանխեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նոյեմբերի 15-ի իր գրառման արձագանքներին՝ նշելով, որ դրանք ի ցույց դրեցին, թե ինչպես է հատկապես լարվածության այս շրջանում մանիպուլատիվ մեխանիզմներ գործում:

«Գրառման մեջ նշել եմ, թե ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերքը ճիշտ են. այսինքն՝ նշանակում է, որ իրենց շատ մեկնաբանությունների հետ ես համաձայն եմ։ «Սպասում եմ ձեզ Երևանում» նախադասությունը, որ շատերին հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական պատերազմի և բախումների կոչ կա։ Հայտնի իրադարձություններից հետո հենց համացանցում էլ երևում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են և վերադառնում իրենց ընտանիքներ։ Նրանցից շատերն ինձ ուղերձ են հղում, որ ուզում են հանդիպել։ Ես հարկ եմ համարել այսպես հրապարակային արձագանքել, որ ես իրենց հետ հանդիպումը կկազմակերպեմ և հարցեր կքննարկենք», - ասել է վարչապետը, ապա մեկնաբանել նաև «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը» արտահայտությունը։

«Իհարկե, այստեղ բավական կոշտ ձևակերպում է, բայց հաշվի առնելով, որ նաև երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաև պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում, այո, ես օգտագործել եմ այդ ձևակերպումը։ Սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների հետ վերադարձից հետո և նրանց հետ խոսակցության ընթացում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել», - ասել է Փաշինյանը, ապա հավելել. «Խոսվում է բախման մասին, առաջնագծից ոչ մեկը զինված չի վերադառնում։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ խոսքը կարող են մեկնաբանել տասնյակ ձևերով։ Իհարկե, մտահոգիչ է, որ առաջնագծից հնչող տեսանյութերում շատ կոշտ բառապաշար է օգտագործվում»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որը ֆեյսբուքյան տիրույթում քննադատության պատճառ էր դարձել: Կարծիքներ էին հնչում, որ վարչապետը քաղաքացիկան բախում է հրահրում: 

«Տղե՛րք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։

--00—ԼՄ